
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։
Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:
Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։
Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։