News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek»  պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։

Հոդվածը վերնագրված է. «Ի՞նչ օգուտ ՄԱԿ-ից, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ. «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:

Այս պահին հենց դա է տեղի ունենում Ադրբեջանի ինքնակառավարվող մի անկյունում, որը լայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, իսկ տեղի հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:

Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմաէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:

1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:

Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:

Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:

Բաքվի ավտոկրատներն արձագանքել են՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսում: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպար ստեղծելու համար, ինչը հանգեցրել է միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:

2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։

Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։

Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործել ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:

Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են հղում մարդկանց ամենուր և կանաչ լույս վառում բռնակալների առջեւ:

Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:

Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսության հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։

ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ