News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

Ինդեքսն օգտագործում է 100-նիշանոց սանդղակ, որտեղ 100 միավոր է գնահատվում կոռուպցիայից ամբողջությամբ զերծ միջավայրը, իսկ 0-ն կոռումպացման ամենաբարձր ցուցանիշն է։ Անցած տարվա ուսումնասիրության՝ 180 երկրների և տարածքների համար գրանցված միջին միավորը 43 է։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի այսօր հրապարակված տարեկան զեկույցը փաստում է, որ աշխարհի երկրների մեծամասնությունը չեն կարողացել հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում․ 2017 թվականից ի վեր 180 երկրների 95 տոկոսը գրեթե չի ապահովել որևէ դրական տեղաշարժ։ Հայաստանը վերջին 6 տարվա ընթացքում իր դիրքերը բարելաված 8 երկրներից մեկն է, նշում է կառույցը։

Այդուհանդերձ, ինչպես նկատել են հեղինակավոր կազմակերպության փորձագետները, Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում` երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։ Թեև այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ, միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող և հահակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում և քաղաքացական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։

Ուսումնասիրության արդյունքներով, նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից , Ադրբեջանից և Իրանից։

Վրաստանի դեպքում կազմակերպության մտահոգությունները չեն փարատվել ․ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը պնդում է, որ վերջին տարիներին այդ երկրում բարձր մակարդակում ենթադրյալ կոռուպցիոն խախտումների մասին տասնյակ դեպքեր է հայտնաբերել, որոնք, սակայն, չեն հետաքննվել։ Մինչդեռ դրանց բնույթը, ծավալները և դինամիկան մտահոգիչ եզրահանգումների տեղիք են տալիս, նշում է կազմակերպությունը և հավելում, որ Վրաստանում բարձր մակարդակի կոռուպցիան ստանում է ավազակապետության ձև, որտեղ պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են իրենց քաղաքական իշխանությունը երկրի հարստությունը յուրացնելու համար և խանգարում ցանկացած քննադատական կարծիք արտահայտելուն՝ այդ թվում քաղաքական ընդդիմության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից։

Ինչ վերաբերում է ընդամենը 23 միավոր ունեցող Ադրբեջանին , «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ընդգծում է, որ այդ երկրում իշխանությունը հիմնականում պատկանում է Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին։ Կոռուպցիան Ադրբեջանում լայնորեն տարածված է, իսկ ընդդիմությունը՝ թուլած՝ մրցակցող քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ բազմամյա բռնաճնշումների արդյունքում։

Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում կոռուպացվածության մակարդակով ընդամենը 10 միավորով է բարենպաստ դիրքում աշխարհում վատթարագույն ցուցանիշն ունեցող Հարավային Սուդանի և Սիրիայի համեմատ։

Ինչպես և նախորդ տարի, այս անգամ էլ վարկանիշը գլլխավորում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան։

«Կոռուպցիան մեր մոլորակն է՛լ ավելի վտանգավոր վայր է դարձրել: Դրա դեմ պայքարում պարտված կառավարությունները խթանում են բռնության և հակամարտությունների ներկայիս աճը և դրանով իսկ սպառնում մարդկանց աշխարհով մեկ», - հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության խորհրդի նախագահ Դելիա Ֆերեյրա Ռուբիոն։ Վերջինիս համոզմամբ՝ միակ ելքը բոլոր մակարդակներում կոռուպցիայի վերացման բարդ աշխատանքը շարունակելն է, որը պետք է ստիպի կառավարություններին գործել ի շահ բոլոր քաղաքացիների, այլ ոչ թե փոքր էլիտայի։

Մանրամասները «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ