
Իրանը պարզել է, թե ով է պատրաստել հունվարի 28-ին Սպահան քաղաքում պաշտպանական համալիրի վրա հարձակման ժամանակ օգտագործված անօդաչուներից մեկը, հաղորդում է Nour News-ը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Տվյալ տեղեկատվության համաձայն՝ Սպահանում հարձակման ժամանակ իրանական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված միկրո-անօդաչուներից մեկի մնացորդների տեխնիկական վերլուծությունը անվտանգության կազմակերպություններին «արժեքավոր տեղեկատվություն» է տվել։
Անօդաչուի ֆյուզելյաժի բաղադրիչների, նրա շարժիչների, սնուցման աղբյուրների եւ նավիգացիոն համակարգի վերլուծությունը եւ դրանց համեմատությունը առկա մոդելների հետ օգնել են փորձագետներին ճշգրիտ որոշել դրա արտադրողին եւ բացահայտել կարեւոր հանցանշանները, նշվում է զեկույցում:
Նշվում է նաեւ, որ երեք տարի առաջ համալիրը մի քանի ԱԹՍ-ների համանման հարձակման էր ենթարկվել, որն անհաջողությամբ էր ավարտվել, ինչպես եւ վերջինը, հաղորդում է Tasnim-ը:
Հունվարի 28-ի երեկոյան Սպահանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու սարքերի «անհաջող հարձակում» էր: Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում տեղի ունեցած պայթյունների մասին: Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մասին։