News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մալաթիա տոնավաճառի 10-12 աշխատակիցներ տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե ի վերջո ինչ լուծում է տրվում իրենց խնդրին։

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմնի հետ խոսել են, խնդրել են, որ թույլ տան աշխատել և այդ ընթացքում նաև կվերացնեն թերությունները. «Բայց երեկ երեկոյան տեսչական մարմինն ուղարկեց իր աշխատակիցներին, միասին նայեցինք ամբողջ տարածքը, որ շատ հրդեհավտանգ չէ։ Այսօր  պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս շտկելու որոշ թերություններ, որպեսզի  կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ: Կրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- նշեց նա։

Ս. Ավետիսյանի խոսքով, արձանագրել են 17 կետով խախտում, 10-ը վերացրել են, 2-ի հետ կապված համաձայն չէ։

«Նշվում է շենքերի միջև հեռավորությունը։ Մենք 1990-ական թվականին ենք կառուցել շենքերը, ասում են՝ հեռու տարեք։ Կամ օգտագործված է նյութ, որն այն ժամանակ ընդունելի էր, 2015 թվականից փոխվել են չափանիշները։ Հիմա ասում են նյութերը փոխեք այլ նյութերով, քանի որ հրդեհավտանգ է։  Բավականին մեծ տարածք է, կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ անել»,- ասաց տոնավաճառի տնօրենը։

Նա նշեց, որ որպես խախտում մնում է ջրի շիթերի, ծխահեռացման խողովակների անցկացումն ու էլեկտրականության հետ կապված հարցերը։

«Եթե մեզ ժամանակ տան, այդ ընթացքում վերացնենք մնացած թերությունները»,- ասաց Ս. Ավետիսյանը։

Նա տոնավաճառի աշխատակիցներին խնդրեց վերադառնալ տները, վաղը ժամը 09։30 կրկին կհավաքվեն՝ ներկայացնելու տեսչական մարմնի վերջնական որոշումը։

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ