
Անկախություն ձեռք բերելով՝ Հայաստանը, որպես երիտասարդ անկախ պետություն, դարձել է մի շարք կարեւոր միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ։
Նման կազմակերպություններին անդամակցությունը ենթադրում է անդամավճարների վճարում, եւ Հայաստանը, անկախ իր տնտեսական վիճակից, հստակ կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական։
NEWS.am-ի թղթակիցը հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել մուծված անդամավճարների վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2003 թվականից մինչեւ 2022 թվականը ներառյալ ՄԱԿ-ի անդամավճարների ընդհանուր գումարը կազմում է 3 642 421 ԱՄՆ դոլար։
2003-ից մինչեւ 2022 թվականը ներառյալ ԵԱՀԿ-ին անդամավճարների ընդհանուր գումարը կազմում է 1 774 841 եվրո:
ԵԽ անդամավճարների ընդհանուր գումարը, որը մուծվել է 2003 թվականից մինչեւ 2022 թվականը ներառյալ, կազմում է 7 002 738 եվրո։
Նշենք, որ երկրների ֆինանսական «ծախսերի» հետ մեկտեղ, այդ կազմակերպություններին անդամակցությունը ենթադրում է երկրի համար մի շարք կարեւոր ծրագրերի իրականացում, ինչը եւ կատարվում է (բացառությամբ ԵԱՀԿ-ի, որի ծրագրերի մեծ մասը դադարեցվել է Երեւանում այս կազմակերպության գրասենյակի փակվելուց հետո։ Հիշեցնեք, որ Ադրբեջանը նախ պահանջել էր փակել գրասենյակը Բաքվում, այնուհետեւ արգելափակել էր գրասենյակի գործունեությունը Երեւանում։ Քանի որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ԵԱՀԿ-ն թույլ է տվել Ադրբեջանին դադարեցնել գրասենյակի աշխատանքը Երեւանում - խմբ.):
Մարիամ Լեւինա