
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում ասել է, որ Թուրքիան իսլամաֆոբիայի դեմ պայքարում «անկեղծ» քայլեր է ակնկալում Շվեդիայից։
Նրա խոսքով՝ Թուրքիան անհանգստացած է Եվրոպայում եւ հատկապես սկանդինավյան երկրներում աճող հակաիսլամական հռետորաբանությամբ ու գործողություններով։
«Մենք Շվեդիայից անկեղծ քայլեր ենք սպասում իսլամաֆոբիայի դեմ պայքարում։ Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան ամբողջությամբ կկատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է Էրդողանը։
Նա չի զլացել նաեւ հերթական սպառնալիքները հնչեցնել Հունաստանի հասցեին։
«Մենք չենք կարող ձեռքերը կապած նստել մեր անվտանգությանն ուղղված գործողությունների դիմաց։ Մենք կշարունակենք պատասխանել ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեղերում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաեւ մեկնաբանել է Ուկրաինա տանկեր ուղարկելը։
«Ես չեմ կարող ասել, որ տանկեր ուղարկելը (Ուկրաինա) «լուծման տարր» է։ Այդ ամենը ռիսկային է եւ հատկապես ձեռնտու է զենքի բարոններին»,- ասել է Էրդողանը։
Նա հայտարարել է, որ «Թուրքիան ինքնահաստատվել է որպես տարածաշրջանային տերություն։ Հիմա մեր խնդիրը համաշխարհային տերություն դառնալն է»։