
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին «որքան հնարավոր է շուտ» ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը եւ արգելել Եվրամիության շուկայում դեռեւս մնացած ընկերությունների, այդ թվում՝ «Լուկօյլ»-ի եւ «Ռոսատոմ»-ի աշխատանքը, ինչպես նաեւ հրաժարվել ոչ միայն նավթի եւ գազի, այլեւ ուրանի ներմուծումից։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի հատուկ նստաշրջանում ընդունված բանաձեւում, որը նվիրված է փետրվարի 3-ին Կիեւում կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին։
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին որքան հնարավոր է շուտ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը եւ ակտիվորեն առաջարկներ ներկայացնել նոր ոլորտների եւ անձանց դեմ նոր պատժամիջոցների համար»,-ասվում է փաստաթղթում: Պատժամիջոցների ցանկը պետք է ընդլայնվի, որպեսզի ներառեն ռուսական ընկերություններ, որոնք դեռ առկա են եվրոպական շուկայում, ինչպիսիք են «Լուկօյլ»-ը եւ «Ռոսատոմ»-ը։ Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում «լիակատար եւ անհապաղ էմբարգո սահմանել Ռուսաստանից հանածո վառելիքի՝ ներառյալ նավթի եւ ուրանի ներմուծման վրա։
Եվրախորհրդարանի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում եւ պարտադիր չեն Եվրամիության ինստիտուտների համար։