News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է  Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ