News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտաշխատողների շրջանում անհանգստություն են առաջացել այն լուրերը, որ կա մտադրություն ակադեմիական ինստիտուտները միավորել բուհերի ֆակուլտետների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2–ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

«Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի բարձրագույն կրթական ոլորտում, ինստիտուտների միավորումը բուհերի հետ չի կարող նպաստել ո՛չ գիտական, ո՛չ կրթական համակարգերի զարգացմանը»,– ասաց նա՝ հավելելով, որ այդ մտադրությունը ակադեմիական ինստիտուտներում գնահատում են որպես անհեռանկարային, անկանխատեսելի, ռիսկային գործընթաց, որի արդյունքում կարող ենք զրկվել և՛ Ակադեմիայից, և՛ գիտության առաջընթացի հնարավորությունից։ Ռոբերտ Ղազարյանը շեշտեց, որ սա նաև ինստիտուտների կոլեկտիվների կարծիքն է։

ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նշեց, որ բարեփոխումների անհրաժեշտությունը թե՛ գիտական, և թե՛ կրթական ոլորտներում ակնհայտ է։ Բայց հարցը պահանջում է խորը վերլուծություն։

Նա հղում կատարեց Եվրոպական հանձնաժողովի 2020 թվականի զեկույցին՝ Հայաստանի գիտական և կրթական ոլորտի վերաբերյալ։ Դա հանգամանալից զեկույց է, որտեղ կան շատ դրույթներ, որոնք համահունչ են նաև ԳԱԱ մոտեցումներին։ Նախ՝ զեկույցում բուհերի և գիտական կազմակերպությունների ինտեգրման վերաբերյալ որևէ թելադրվող սցենար չկա։ Դիտարկվում են տարբեր երկրներում գործող և՛ համալսարանական, և՛ ակադեմիական մոդելների և՛ հաջողված, և՛ չհաջողված փորձեր։

Առաջարկվում է երեք հնարավոր սցենար՝ 1) այս պահին թողնել այնպես, ինչպես կա, ու ապա գնալ դանդաղ էվոլյուցոն ճանապարհով 2) գիտական կազմակերպությունները ինտեգրել բուհերի հետ, ինչը, սակայն, պետք է արվի շատ զգույշ և շատ դանդաղ (Էստոնիայի դեպքում տևել է 10 տարի՝ Եվրամիության կողմից մեծ ֆինանսական ներդրումների պարագայում), 3) ստեղծել խոշոր գիտական ցանցեր, ինչպես օրինակ Ֆրանսիական CNRS համակարգն է, կամ Գերմանիայում Մաքս Պլանկի, Ֆրաունհոֆերի կամ Լայբնիցի ցանցերն են։ ԳԱԱ–ն հստակորեն հակված է առաջնորդվել այս վերջին սցենարով։

Արամ Պապոյանը նշեց, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է լուրջ վերլուծություն իրականացնել, բայց ինքը կարծում է, որ Հայաստանի այս ոչ կայուն աշխարհաքաղաքական իրավիճակում ռադիկալ քայլերն անընդունելի են։ Նա առաջարկում է գտնել ինստիտուտների և բուհերի միջև ինտենսիվ կապեր ստեղծելու նոր հնարավորություններ ու եղանակներ։ Օրինակ, ինչոր ուղղությամբ կարող է կիրառվել գերազանցության կենտրոնի ստեղծումը, մյուս տեղում կարող են արդյունավետ լինել բազային ամբիոնները և այլն։ Այս ամենը հետագայում բնականոն կերպով կբերի ինտեգրման ինչ-որ նախընտրելի սցենարի։

«Ընդհանրապես, գիտության ոլորտը կայանում է տասնամյակներով, իսկ քանդելը հեշտ է»,– նշեց նա՝ հավելելով, որ այսօր ակադեմիական ինստիտուտների աշխատակիցները մեծամասամբ չեն դասավանդում բուհերում ոչ թե ցանկության բացակայության, այլ բուհերում դասավանդման հետ կապված անհիմն խոչընդոտների և ուսանողների անբավարար քանակի պատճառով։

«Ու ճիշտ կլինի, որ այս հարցերը չլուծվեն կառավարական աշխատանքային խմբերում. սա հարց է, որը վերաբերում է մեր ամբողջ գիտական հանրությանը,  կրթական հանրությանը, ինչպես նաև՝ ողջ հասարակությանը։ Այդ պատճառով պետք է լինեն լայն քննարկումներ»,– ասաց Արամ Պապոյանը։

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար աշխատակից Պավել Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ սեղանին կա երկու բան՝ օրենքի նախագիծը և մի դիսկուրս։ «Եթե կա բարեփոխումների տեսլական, ապա դրան նախորդող առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ հայեցակարգի մշակումը, որ պատկերացնենք, թե դեպի ուր ենք շարժվելու։ Իսկ մենք հստակ հայեցակարգ չունենք։ Հայեցակարգ չունենալու պարագայում ցանկացած տեսլական տարակարծությունների տեղիք է տալիս»,– նշեց նա՝ հավելելով, որ տեսլականի հիման վրա մշակվում է ազգային ծրագիր, մշակվում են դրա իրականացման մեխանիզմները, ինչպես նաև իրականացվում է պատշաճ մոնիտորինգ։ Իսկ մեր դեպքում բուհերի և գիտական ինստիտուտների՝ անհրաժեշտ մոնիտորինգ արված չէ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը, դիմելով տիկին Անդրեասյանին, առաջարկեց եվրոպական զեկույցում ներկայացված երեք սցենարներից բացի դիտարկել նաև չորրորդ՝ այլընտրանքային, նորարարական սցենարը։ «Քանի որ աներկբա է, որ Հայաստանում գիտության համակարգը շատ ավելի կայացած է, քան բուհականը, ապա ես  առաջարկում եմ բուհերի հոգաբարձուների խորհուրդը գիտական մասով հանձնել Ակադեմիային։ Սա՝ որպես չորրորդ՝ այլընտրանքային տարբերակ, որը կարող է լինել հենց հայաստանյան նորարարությունը։ Ահա մի առաջարկ, որն, ակնհայտաբար, նույնպես տրամաբանական է։ Առաջարկում եմ հարցը լրջորեն քննարկել։ Եվ մենք կտեսնենք, թե որքանով այս առաջարկը լսելի կլինի կառավարության կողմից, ինչպիսի քննարկումներ կլինեն։ Սա ևս ցուցանիշ կլինի, թե որքանով Դուք լսեցիք այստեղ արված առաջարկները», – ասաց Արթուր Իշխանյանը։ 

Տպել
Ամենաշատ