
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Թեհրանի հետագա վարքագծից։ Այս մասին BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Ukrinform-ը։
«Գիտեք, որ ես նման առաջարկ եմ ներկայացրել նախագահին, այս հարցը բացարձակապես բաց է։ Որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Իրանի հետագա վարքագծից»,- ասել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։
Նա հավելել է, որ չգիտի, թե ով է հարվածել Իրանի ռազմական ենթակառուցվածքին․ «Մենք պատմականորեն ոչ մի վատ բան չենք արել Իրանի դեմ։ Նրանք սկսել են կամիկաձե մարտական անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին եւ հատել են սահմանագիծը»,- նշել է Կուլեբան։
Նախարարը հարձակումները նաեւ ազդանշան է անվանել առ այն, որ «որքան էլ շահավետ թվա Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հետ համագործակցությունը, այդ համագործակցության բացասական հետեւանքները կգերազանցեն ցանկացած օգուտ»։