News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որպեսզի փաստենք՝ մենք առաջարկով մղվող տնտեսական աճ ունենք, թե ոչ, պետք  է նայենք, թե ներդրումներն ինչպիսի վարքագիծ են ունեցել. իսկ ներդրումների միջին տարեկան աճը 2018-ից մինչեւ 2021-ը, եղել է 3,5 տոկոս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Եթե 2022-ն էլ գումարենք, այդ աճը մի փոքր կարող է բարձրանալ, դառնալ 3,8 տոկոս, բայց շատ չի բարձրանում: Այսինքն ներդրումների էական մեծ աճ չունենք»,-ասաց նա:

Արամյանը հիշեցրեց, որ կառավարությունն իր հնգամյա ծրագրում դրել է ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը, զուտ օտարերկրյա/ՀՆԱ ցուցանիշը, մշակող արդյունաբերության ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ. «2025-2026 թվականին ներդրումները պետք է հասնեին ՀՆԱ-ի 25 տոկոսին: Հիմա 18 տոկոս է, դրան հասնելու համար ամեն տարի պետք է առնվազն 15-16 տոկոս տնտեսական աճ ունենան: Օտարերկրյա ներդրումներն այսօր ՀՆԱ-ի 2 տոկոսն են, նարնց թիրախը 6 տոկոսն է: Որպեսզի կարողանան խոցեն այդ թիրախը, պետք է առնվազն 40 տոկոսից ավելի օտարերկրյա ներդրումների աճ ունենան ապագա տարիներին, ես դրան չեմ հավատում: Նույնկերպ իրենց ասած թիրախին հասնելու համար պետք է մշակող արդյունաբերությունը ամեն տարի 15 տոկոս իրական աճ ունենա: Սրանով ուզում եմ ցույց տալ, որ մեզ մոտ տնտեսական աճի բնույթը, ցավոք, առաջարկով մղվող չէ: Սրանից մենք պետք է վախենանք, որովհետեւ պահանջարկով քաշվող տնտեսական աճը հետեւյալն է. փողը գալիս է քեզ մոտ, ոչ արտահանելի հատվածը սկսում է ծաղկել: Օրինակ, ռեստորանում երկու սեղան ավելացնում են, աշխատատեղեր են ավելանում, գործազրկությունն ընկնում է, բայց այստեղ պետք է զգուշավոր լինել, որովհետեւ երբ փողը կտրվում է, ռեստորանի սեփականատերը միանգամից սեղանները հավաքում է, մարդկանց էլ գործից ազատում է: Սա կոչվում է տնտեսական ցնցում, ինչը ունեցանք 2008-2009 թվականներին»,-ասաց Արամյանը:

Նա հիշեցրեց, որ 2002-2008 թվականներին երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում Հայաստանում. «ՀԲ-ն հրապարակեց Կովկասյան վագրերի մռնչոցը զեկույցը, բայց ի՞նչ եղավ: Այն ժամանակ մենք զգուշացնում էինք, որ սա շատ վտանգավոր աճ է, որ եթե հանկարծ ֆինանսական հոսքերը կանգնեցին, մենք ունենալու ենք խնդիրներ, այդպես էլ եղավ: 2009-ին մենք աշխարհում 5-րդն էինք վատ ցուցանիշի տեսանկյունից:

Նմանատիպ իրավիճակում ենք նաեւ այսօր, ոչ արտահանելի հատվածն է առաջ քաշում տնտեսությունը:  9 ամսվա տվյալներով ՀՆԱ աճը 12,6 տոկոս է, եթե ճյուղերով նայում ենք, շուրջ 10 տոկոսը բացատրվում է ոչ արտահանելի ոլորտների աճով՝ սպասարկում, բանկային ոլորտ: Սա վտանգավոր տնտեսական աճի կառուցվածք է»,-ասաց Արամյանը:

Նրա խոսքով, 2023-ի համար նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ, եւ այդ դեպքում եւս կառավարությունը հույսը դրել է այդ ֆինանսական հոսքերի վրա: «Ես հիմա հարց եմ տալիս՝ բա որ այդ հոսքը չգա՞: Որպեսզի դու այդ 7 տոկոսանոց աճին հավակնես, այն ֆինանսական ներհոսքը, որ ունեցել ես 2022-ին, դու նորից պետք է ունենաս: Ես հիշեցնեմ՝ մեր տնտեսական ներուժը 4,5 տոկոսի շրջանակներում է տարեկան: Այսինքն 7 տոկոս ունենալու համար պետք է ցույց տանք, թե որոնք են այն գործոնները, որով կարողանալու ենք խոցել այդ թիրախը: Եթե այդ գործոնները Հայաստանի իրականության հետ չեն կապված, այլ արտածին են, դա վտանգավոր է»,-ասաց նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ