Կապիտալ ծախսերի թերակատարումը խնդիր է. ամեն անգամ Կառավարությունը թերակատարում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Թե ինչու է այդպես, ես ունեմ իմ սեփական հիպոթեզերը, որոնք պետք է ճշտվեն: Հիպոթեզ առաջին. Այդ կապիտալ ծախսերի մի մասը միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերի միջոցների ծախսման միջոցով կատարվող կապիտալ ծախսերն են: Երբ որ 2018-ին կառավարությունը հարայ-հրոցով սկսեց փակել ԾԻԳ-երը, ես զգուշացնում էի, որ չի կարելի այդպես անել: Ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը, որը լավ, թե վատ սպասարկում էր այդ ծրագրերը, պետք չէր փակել ու գլխատել: Դրանից հետո յուրաքանչյուր տարի կառավարության կատարողականը միջազգային ֆինանսական կառույցների միջոցների օգտագործման մասով 30-40 տոկոս է եղել: Ճիշտ է դրանք արտոնյալ վարկեր են, բայց միջոցների չօգտագործման համար մենք վճարում ենք պարտավճար: Չէ՞ որ նրանք այդ միջոցները սառեցնում են: 2021-ին 54 մլն դոլարի չափով վճարեցինք KfW ընկերությանը:
Հիմա հարց է առաջանում, 50 հազար դրամ չարաշահման համար քրգործ են հարուցում, մարդկանց ձերբակալում են, 4 մլն դոլար մենք հարկատուներս տվեցինք, ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը:
Երկրորդ իմ հիպոթեզը հետեւյալն է. կա գնումների կազմակերպման պրոբլեմ: Երրորդը ընդհանուր միջավայրն է: Ես բազմիցս նշել մ, որ կոռուպցիայի դեմ պայքարը նորմալ է, բայց երբ դու ամեն քայլափոխի քրգործեր ես հարուցում, դա հանգեցնում է նրան, որ պետական համակարգը կանգնում է»,-ընդգծեց ֆինանսների նախարարը: