News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի հարուստ արաբական երկրների մեծ մասը վերջին տարիներին հետեւել է Սաուդյան Արաբիայի օրինակին եւ մեկուսացրել ճգնաժամից տուժած Լիբանանին՝ Հեզբոլլահի աճող ազդեցության պատճառով։ Բացառություն էր Կատարը, գրում է AP-ը։

Դոհան աննկատ ընդլայնում է իր ազդեցությունը Լիբանանում։ Նա շարունակել է ընդունել լիբանանցի առաջնորդներին եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ուղղել պատմական տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի զինված ուժերին օգնելու համար։

Գազով հարուստ այս երկիրը հունվարի վերջին սկսել է զգալ իր ներդրումների պտուղները, երբ պետական Qatar Energy-ն փոխարինել է ռուսական ընկերությանը միջազգային կոնսորցիումում, որը գազ է որոնելու Միջերկրական ծովում՝ Լիբանանի ափերի մոտ, նշում են լրատվամիջոցները:     

Իսկ երկուշաբթի Կատարն առաջին անգամ կմիանա Փարիզում կայանալիք հանդիպմանը Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Լիբանանում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամները:

Կատարն իրեն ներկայացնում է որպես երկրում ամենաչեզոք ուժ, որտեղ տասնամյակներ շարունակ արտաքին տերությունները Լիբանանի միջկրոնական տարաձայնություններն օգտագործել են իրենց միջնորդավորված մարտերը վարելու համար:             

Կատարը, որը լավ կապեր ունի Իրանի հետ, փորձում է առաջ մղել Թեհրանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ բանակցությունները։ Նրա ներառումն առաջիկա բանակցություններում ազդանշան է այն մասին, որ Իրանն ամբողջությամբ չի հեռացվի այդ հանդիպումից եւ ճանաչում է այն ազդեցությունը, որը Թեհրանն ունի Լիբանանի վրա, կարծում է Նյու Յորքի համալսարանին կից Հակոբ Գեւորգյանի անվան մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Մոհամադ Բազին։  

«Քանի որ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի մյուս պետությունները ավելի քիչ են ներգրավված Լիբանանի գործերում, Կատարը փորձում է վերականգնել իր միջնորդական դերը երկրում»,-նշել է փորձագետը:

Այնուամենայնիվ, Կատարը, որը բնական գազի պաշարների շնորհիվ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է, մինչ օրս Լիբանանն ինքնուրույն փրկելու ցանկության առանձնահատուկ նշաններ չի ցուցաբերել, ընդգծում է Բազին։

2019 թվականի վերջից Լիբանանի տնտեսությունը փլուզվել է կոռուպցիայի եւ սխալ կառավարման պատճառով։ Երկրի ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, կորցրել է իր արժեքի ավելի քան 90 տոկոսը։ Միջազգային դոնորները, ներառյալ՝ Կատարը, կառավարությունից պահանջում են բարեփոխումներ իրականացնել՝ մոտ 11 միլիարդ դոլար վարկեր եւ դրամաշնորհներ տրամադրելու համար: Բայց լիբանանյան քաղաքական գործիչները դիմադրել են, քանի որ այս բարեփոխումները կարող են թուլացնել իրենց իշխանությունը երկրում:

Մեկ շաբաթ առաջ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանի մասին համաձայնագրի ստորագրումից երեք ամիս անց, Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Շերիդա Ալ Քաաբին միացել է լիբանանցի պաշտոնյաներին Բեյրութում՝ Լիբանանի ջրերում նավթի եւ գազի հետախուզման կոնսորցիումում Կատարի 30 տոկոս բաժնեմաս ստանալու մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Համաձայնագրի համաձայն՝ Qatar Energy-ն կստանա ռուսական Novatek-ի կողմից ազատված բաժնետոմսերի 20 տոկոսը, բացի իտալական հսկա ENI-ի եւ ֆրանսիական TotalEnergies-ի 5 տոկոսից՝ թողնելով արաբական ընկերությանը 30 տոկոս բաժնեմաս: Total-ը եւ ENI-ն կստանան յուրաքանչյուրը 35 տոկոս բաժնեմաս:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ