
Շաբաթ օրը 67 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին վարչապետ Շերիֆ Իսմայիլը, ով գործադիր մարմինը ղեկավարել է Աբդուլ-Ֆաթթահ ալ Սիսիի նախագահական առաջին ժամկետի ժամանակ, հաղորդում է Arab News-ը:
«Ես խորապես սգում եմ Եգիպտոսի ժողովրդի լավագույնների միջից առաքինի, ազգային խիղճը մարմնավորող մարդու մահը, նախկին վարչապետի, մեծարգո դոկտոր Շերիֆ Իսմայիլի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի նախագահը։
Իսմայիլը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2015 թվականին, նախքան 2018 թվականին՝ Ալ Սիսիի նախագահական երկրորդ ժամկետի սկզբում հրաժարական տալը:
Ալ-Սիսիի խոսքով՝ Իսմայիլը «իր վրա է վերցրել պատասխանատվությունը ամենադժվար հանգամանքներում եւ ամենադժվար ժամանակներում»։
Իսմայիլը ղեկավարում էր կոշտ տնտեսական բարեփոխումների ժամանակաշրջանում, որը հանգեց արժույթի կտրուկ արժեզրկմանը 2016 թվականի վերջին, որին հաջորդեց ԱՄՀ 12 միլիարդ դոլարի վարկի հետ կապված սուբսիդիաների կրճատումը: