News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրեցին Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարի նպատակն է  քննարկել ու հստակեցնել առաջիկա չորս տարիների գործունեությունը։

Իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն ասաց. «Այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ճակատագրական շրջանում։ Այսօրվա մարտահրավերներն ու վտանգները լի են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ ՀՅԴ երիտասարդական միությունն իր աշխույժ գործունեությամբ ջանում է դիմակայել  այս սպառնալիքներին և հակառակ տիրող աննպաստ պայմաններին հանձնառու է հզոր, ժողովրդավար, ընկերվար ու նմանատիպ այլ արժեքներ կրող պետություն կերտել։

Հավատում ենք, որ հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար մեր իրականությունից պետք է արմատախիլ անել հարմարվողականությունն եւ պարտվողական մոտեցումները: Հետեւաբար, ՀՅԴ երիտասարդական միությունը պետք է շարունակի դիմակայել ու իր կտրուկ ընդդիմությունն արտահայտել Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ»:

Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին իշխանությունը արգելել է դաշնակցական գործիչների, երիտասարդների մուտքը Հայաստան. «Դրանով Նիկոլ Փաշինյանի վարչախումբն իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի, ազերիի նկրտումների դեմ։ Այո, մենք խանգարում ենք այս իշխանությունների  քաղաքականությանը, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, և մեր պայքարը չպետք է կանգ առնի։ Եվ ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակներից»,-ասաց Տեր-Գևորգյանը։

Իր խոսքում նա ցավով փաստեց, որ համագումարին չեն մասնակցում շրջափակված Արցախում գտտնվող իրենց ընկերները. «Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում»,-ասաց նա՝ նշելով, որ դրանով պետք է ցույց տային՝ արցախցու կողքին են, պետք է ծանոթանային իրավիճակին ու մշակեին օժանդակության ծրագրեր։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, ու պատրանք է այն միտքը, թե կարելի է առանց Արցախի խաղաղ ու հանգիստ ապրել Հայաստանի տարածքում. «Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարածքներ չկորցնելու, գրավված Շուշին ու Հադրութն ազատագրելու համար նորօրյա ազատագրական պայքարի կենսավորումը հրամայական է։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հանձնառու հայ երիտասարդությունը պետք է ստանձնի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդին ինքնապաշտպանության ու արժանապատվության հաստատման օրակարգը»,-ասաց նա։

Հովսեփ Տեր-Գևորգյանի խոսքով, ներկա հուսալքության ու անտարբերության պայմաններում այս խոսքերը կարող են իրապաշտ չթվալ,. «Սակայն եթե չենք ուզում Արցախի հայաթափումը, Սյունիքի կորուստը եւ Երեւանի թրքացումը, ստիպված ենք շրքելու այս իրավիճակը: Մեր հայրենիքը լինելով մեր աշխատանքների կիզակետը, ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է նպաստելու նաեւ Սփյուռքի գաղութների հզորացման աշխատանքներին: Սխալլ է անընդհատ կրկնվող միտքը, որ Արցախն արդեն կորսված է եւ հուսալքված, պետք է ձեռքերը լվանալ Հայաստանից եւ կենտրոնանալ Սփյուռքի գաղութների իրավիճակի  բարելավման վրա միայն: Սփյուռքի հզորացումը սերտորեն կապված է Հայաստանի հզորացման հետ»,-ընդգծեց նա:

ՀՅԴ բյուրոյի անդամն ընդգծեց, որ այս համագումարի երեք հիմնական նպատակներն են. «առաջին, քննել ՀՅԴ ուսանողական, երիտասարդական  եւ պատանեկան միությունների ռազմավարական ծրագրերը, արժանավորել դրանց արդյունավետությունը եւ հարկ եղած դեպքում բարեփոխումներ կատարել: Երկրորդ, նոր թափ հաղորդել Հայաստանի եւ հատկապես Արցախի եւ Սյունիքի  նկատմամբ կատարվող աշխատանքներին, համահայկական ներուժն ուղղել դեպի այս ռազմավարականշրջանները՝ մշակելով արդյունավետ ծրագրեր: Երրորդ, ծայրահեղ անհատապաշտության, անձնական բարօրության փնտրտուքի ընդհանուր մթնոլորտի այս պայմաններում, համագումարի ժամանակ հատուկ շեշտ պետք է դրվի ազգային գաղափարախոսության  հավատարիմ քաղաքականացած, հեղափոխական եւ մարտունակ երիտասարդության դաստիարակության գործի վրա»:

Նշենք, որ այս համագումարը իր մեջ ներառում  ու համախմբում է ավելի քան 15 երկրների ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 33 կազմակերպություններ: Այն նպատակ ունի քննարկելու եւ համադրելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։ Այս տարի լրանում է ՀՅԴ երիտասարդականի 90-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ