News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանի համոզմամբ՝ գրեթե անհավանական է, որ այս գիշեր Թուրքիայում՝ Սիրիայի սահմանին մոտ, տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո, Հայաստանում կարող են ուժեղ ցնցումներ լինել։

«Մայր բեկվածքը, որը հարուցում է երկրաշարժ, Հայաստանի Հանրապետության տարածքով չի անցնում, հետեւաբար ուժեղ երկրաշարժի հավանականությունը աննշան է, բայց կարող են լինել թույլ երկրաշարժեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Նազարեթյանը։

Առհասարակ, մասնագետի խոսքով՝ Հայաստանի սեյսմիկ վտանգները պայմանավորված են երկրաբանական գործընթացներով, որոնք կտրուկ չեն փոփոխում։ Սերգեյ Նազարեթյանի համոզմամբ, սակայն, Հայաստանում ստորգետնյա ուժեղ ցնցումների կրկնության վտանգ չկա։

«30 000 քառակուսի մետր տարածք ունեցող երկրում ուժեղ երկրաշարժի կրկնության վտանգ չկա, մեծ ռեգիոնում դա կարող է լինել, որովհետեւ երկրագնդի վրա ուժեղ երկրաշարժերի քանակը տարեկան բավականին կայուն է, օրինակ, Սպիտակի երկրաշարժի կարգի երկրաշարժեր երկրագնդում 10–ից 15 հատ ամբողջ տարին լինում է, ավելի ուժեղները 2–3 հատ, բայց մեզ մոտ փնտրել նման օրինաչափություն՝ սխալ է»,- նշեց երկրաֆիզիկոսը։

1988 թվականից ի վեր համեմատաբար ուժեղ երկրաշարժ Հայաստանում տեղի է ունեցել 2021 եւ 2022 թվականներին, երկու դեպքում էլ փետրվարի 13–ին։ Նախորդ տարի Վրաստանում՝ Հայաստանի հետ սահմանին` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք 5.2 մագնիտուդով ցնցում էր տեղի ունեցել։ Էպիկենտրոնում՝ 6-7 բալ ուժգնությամբ, երկրաշարժը զգացվել էր հյուսիսային մարզերում 4-5 բալ ուժով, հարավում՝ ավելի թույլ: Ալավերդիում, օրինակ, երկրաշարժի հետեւանքով շենքերի պատեր էին մասնակիորեն փլվել. մասամբ փլուզվել էին նաեւ Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի մի քանի վթարային շենքեր։

Ուժգին ցնցումով երկրաշարժ տեղի էր ունեցել նաեւ 2021 թվականի փետրվարի 13–ին՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, 4.7 մագնիտուդով, 6-7 բալ ուժգնությամբ: Ցնցումն այնքան զգալի է եղել, որ մայրաքաղաքում բնակիչները նույնիսկ դուրս էին եկել շենքերից, ԱԻՆ-ը բնակիչներին խորհուրդ է տվել տներ չվերադառնալ՝ հաշվի առնելով հետցնցումների մեծ հավանականությունը։ Միայն այդ օրը 46 հետցնցում է եղել։

Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ Սպիտակի երկրաշարժից 35 տարի անց էլ մինչեւ հիմա երկրաշարժի օջախը կենսունակ է, այս տարիների ընթացքում գրանցվել է 14 000 հետցնցում։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում ամենավտանգավոր գոտին Երեւանն է։ Մայրաքաղաքում խորհրդային տարիներից կառուցված շենքերը խիստ խոցելի են։ Դեռ տարիներ առաջ Սերգեյ Նազարեթյանը ուսումնասիրել է Երեւանի շենքերը։ Ավելորդ խուճապից խուսափելու համար՝ չի ցանկանում հրապարակել հետազոտության արդյունքները, բայց ընդգծում է՝ պատկերը մըտահոգիչ է։ Թե որքանով է Հայաստանի բնակֆոնդը պատրաստ ուժեղ ցնցումներին, ըստ Սերգեյ Նազարեթյանի՝ ծավալուն ուսումնասիրություններ են պետք։ 1300 դպրոցի սեյսմիկ խոցելիությունն, ըստ նրա՝ անմխիթար է։ Կառավարությունը տեղյակ է խնդրից եւ միջոցներ ձեռնարկում է՝ վստահեցնում է ԱԻՆ պաշտոնյան։

«Այդ խնդիրը լուծելու համար մեծ գումարներ են պետք, բարեբախտաբար, խնդիրը ինչ–որ չափով հիմա լուծվում է։ Երեւանում առաջ սեյսմիկ վտանգը գրանցված էր 8 բալ, իսկ հիմա` 9, նոր կառուցվող շենքերը 9 բալի հաշվարկով են նախագծվում,  շինարարության որակը հիմա լավ է, քան խորհրդային տարիներին էր»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը։ 

2021 թվականին Հայաստանի տարածքում գրանցվել է 138 երկրաշարժ։ 2020-ին, դրանց թիվը համեմատաբար քիչ էր՝ ընդամենը 33 երկրաշարժ է գրանցվել։ 2019–ին՝ 40 ստորգետնյա ցնցում։ 2022 թվականի տվյալները շուտով կհրապարակվեն։ Հայասստանում վերջին երկրաշարժը գրանցվել է այս գիշեր՝ ժամը 04:16-ին՝ թուրքականից մեկ րոպե առաջ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3․1 մագնիտուդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ