News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել դեռևս 2020 թվականին հրատարակված «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920–1930-ական թվականներին (187 էջ + 1 ներդիր և 2 քարտեզ) կոլեկտիվ աշխատության անգլալեզու՝ «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» (Yerevan, 2021, 153 pages + 1 inlay and 2 maps) տարբերակը: 2022 թվականի տարեվերջին աշխատությունը հրատարակվել է նաև ռուսերենով՝ «Аннексия армянских территорий Турцией и Советским Азербайджаном в 1920–1930-х годах» (222 стр. + 2 вкл. и 2 карты), որում հեղինակների կողմից ներառվել են նոր նյութեր և փաստաթղթեր։

Աշխատության հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը (նաև՝ խմբագիր), նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմաբան-քարտեզագիր, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը։ Հետազոտական աշխատանքների ընթացքում փաստաթղթերի հավաքմանը հեղինակներին օժանդակել է գիտական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտ, Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Գայանե Ղազարյանը:

Պատմաքաղաքական կարևոր և արդիական նշանակություն ունեցող կոլեկտիվ այս աշխատությունը հայ և արտասահմանյան գիտաքաղաքական և ընթերցող լայն շրջանակներին է ներկայացնում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների ձևավորման ընթացքը 1920-1930-ական թվականներին։ Ցույց է տրվում, թե ինչպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և քաղաքական ճակատագրում խորը հետք թողած Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերով, խորհրդային պետական ու կուսակցական մարմինների որոշումներով հայկական զգալի տարածքներ անցան Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Դրա հետևանքով Խորհրդային Հայաստանը և այսօր նրա իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, ԼՂԻՄ-ը (ԼՂՀ, Արցախի Հանրապետություն) հայտնվեցին ռազմավարական տեսանկյունից անչափ խոցելի սահմաններում՝ պարփակվելով համապատասխանաբար 29.8 հազար և 4.4 հազար քառակուսի կմ տարածքի վրա: Տարածքային կորուստները հստակ արտացոլված են աշխատության հեղինակների կողմից պատրաստված և գրքերի հետ հրատարակված 2 թեմատիկ քարտեզներում։

«Աշխատությունում իրականացվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագրի, Մոսկվայի և Կարսի 1921 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրերի հոդվածների պատմաքննական և համեմատական վերլուծություն: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական տարածքային-սահմանային խնդիրներին: Դիտարկվել է այդ պայմանագրերի օրինականությունը, դրանց համապատասխանությունը միջազգային պայմանագրային իրավունքին: Համադրվել են հայկական շահերը ոտնահարող Մոսկվայի և Կարսի պայմանագրերի կնքման հանգամանքները: Սույն պայմանագրերով քեմալական Թուրքիային են անցել Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Խորհրդային Ադրբեջանին՝ Շարուր-Նախիջևանը: 1921 թվականի ամռանը և աշնանը խորհրդային կուսակցական մարմինների որոշումներով Խորհրդային Ադրբեջանին են անցել Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրի գավառի արևելյան մասերը: Անդրկովկասյան Դաշնության գոյության շրջանում (1922-1936 թթ.) շարունակվել է «վիճելի» բնորոշումը ստացած հայկական տարածքների՝ Ալ լճերի (Ալագյոլար), Կապանին հարակից 21 գյուղակների տարածքների և այլ հողաշերտերի՝ Խորհրդային Ադրբեջանին միացման գործընթացը: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին է կցվել իբրև ինքնավար տարածք ինքնավար մարզի կարգավիճակով: Ինքնավար մարզը խորհրդային պետականության դրսևորման ձևերից էր և ազգային-մշակութային, նաև որոշակի վարչական ինքնուրույնություն էր ենթադրում: Այն է՝ ԽՍՀՄ գոյության շրջանում ԼՂԻՄ-ը հստակ, կայուն կարգավիճակ ունեցող տարածք էր, ինչը, ի դեպ, ճանաչել է նաև Խորհրդային Ադրբեջանը»,- ասաց պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը՝ հավելելով, - Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների զգալի մասն ազատագրվեց Արցախյան ազատագրական առաջին պատերազմում հայ ժողովրդի հերոսական հաղթանակների շնորհիվ»:

«Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները երբեմն վկայակոչում են պատմական հնարածին փաստերի մասին՝ իրենց քաղաքական-մեծապետական հավակնությունները հիմնավորելու նպատակով: Այդպիսի օրինակներից են վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հակահայ հայտարարությունները: Սույն կոլեկտիվ հետազոտության կարևորագույն արժեքներից է այն, որ այստեղ իրադարձությունները ներկայացված ու մեկնաբանված են առանց քաղաքական-քարոզչական մոտեցումների: Ուստի, անաչառ տեղեկատվություն փնտրող ընթերցողը դյուրին կերպով տեղեկություններ կգտնի խորհրդային առաջին տասնամյակներին հայ-ադրբեջանական սահմանագծի ձևավորման ընթացքի վերաբերյալ»,- ասաց աշխատության համահեղինակ Համո Սուքիասյանը:

Հետազոտությունն իրականացվել և տպագրվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում իրականացվող «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.: Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն: Աղբյուրագիտություն և պատմագրություն» բազային ֆինանսավորման ծրագրի (ղեկավար՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան) շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ