News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Այն, որ Թուրքիան Արեւմուտքի «կենսական կարեւոր ռազմավարական դաշնակիցն» է, մի տեսակ գրված իրականություն է, որով դաստիարակվել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Բայց ինչ անել, եթե դա այլեւս այդպես չէ: Ինչ անել, եթե Թուրքիայի ղեկավարը, օգտագործելով այս պատկերացումը, գործընկերության պատրվակով դավաճանի Արեւմուտքի շահերին։ Չարժե՞ արդյոք այդպիսի ղեկավարին վերաբերվել որպես խոչընդոտի, սպառնալիքի, նույնիսկ հալածանքի ենթարկել որպես թշնամու: The Observer-ի իր հոդվածում այսպիսի կասկածներ է հայտնել Սայմոն Թիսդոլը։

«Աշխարհագրությունը չի փոխվում. Թուրքիան զգալի ազդեցություն ունի Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խաչմերուկի վրա։ Սակայն ավելի ագրեսիվ, ավտորիտար եւ պառակտող քաղաքականությունը, որ երկրի ներսում եւ արտասահմանում երկու տասնամյակ վարում է նրա խոլերիկ սուլթան-նախագահը, շրջել է վաղեմի պատկերացումները: Թուրքիայի հուսալիության ու օգտակարության, որպես արեւմտյան վստահելի դաշնակցի, վերջը գրեթե եկել է»,- գրում է Թիսդոլը:

Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի փորձերի արգելափակումը թշնամական վարքագծի վերջին աղաղակող օրինակն է: Նա պնդում է, որ Ստոկհոլմը քրդական ՔԱԿ (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) խմբավորման «ահաբեկիչներին» ապաստանում է, նշվում է հոդվածում։

«Ճիշտն ասած, նրա վետոն բխում է նրա վաղեմի հակաքրդական վենդետայից, որը ներառում է ընտրություններից առաջ ԺԴԿ-ն (Ժողովադեմոկրատական կուսակցություն)՝ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը փակելու իրավաբանական քայլերը: ՆԱՏՕ-ի շուրջ սկանդալ այժմ սպառնում է բռնկվել Ղուրանի այրման, դիվանագիտական բողոքների եւ դաժան պատասխան միջոցների ֆոնին:

Էրդողանը Շվեդիայից պահանջում է նաեւ արտահանձնել քաղաքական փախստականներին, մասնավորապես, Today Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենտ Քենեշին, որին նա մեղադրում է 2016 թվականի ձախողված պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ։

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը ներքաղաքական նպատակներով օգտագործելը տիպիկ Էրդողանի գամբիտ է: Այնուամենայնիվ, դա նաեւ միտումնավոր խոչընդոտում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո իրենց պաշտպանությունը ուժեղացնելու Շվեդիայի (եւ Ֆինլանդիայի) օրինական ցանկության՝ միաժամանակ խաթարելով միասնություն եւ վճռականություն ցուցաբերելու ՆԱՏՕ-ի ջանքերը: Սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը նախապատվությունը Մոսկվային է տալիս՝ ՆԱՏՕ-ում գործընկերների փոխարեն»,- գրում է Թիսդոլը։

Էրդողանը մերժում եւ շրջանցում է Ուկրաինային առնչվող պատժամիջոցները, ընդգծում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ պատերազմի մեկնարկից հետո վեց ամսում Թուրքիայի առեւտուրը Ռուսաստանի հետ աճել է գրեթե 200%-ով, ներառյալ էներգակիրների ներմուծման աճը։

 «Նրա կողմից ռուսական «երկիր-օդ» հրթիռային համակարգերի գնումը զայրացրել է Վաշինգտոնին, որը դրանք դիտարկում է որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի ուժերի համար: Ուկրաինայի հարցում միջնորդի նրա դերն օգնում է Պուտինին պահպանել այն երեւութականությունը, թե ինքը շահագրգռված է, որ խաղաղություն լինի։

Հյուսիսային Սիրիա հերթական զինված ներխուժման Էրդողանի ծրագրերը հակասում են Բաշար ալ-Ասադի դեմ դեմոկրատական ընդդիմությանն աջակցելու եւ իսլամիստական ահաբեկչությունը ճնշելու ԱՄՆ-ի ջանքերին: Իրականում, Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ շրջանների ապակայունացնող ներխուժումները եւ օկուպացիան քրդերի դեմ Էրդողանի մոլուցքային պատերազմի եւս մեկ շարունակությունն են: Դամասկոսի հետ նրա ենթադրյալ մերձեցումն ավելի է խաթարում անվտանգության արեւմտյան քաղաքականությունը:

Եթե Էրդողանի նողկալի զազրախոսությունը Պուտինի մասին, երկերեսանիությունը Ուկրաինայի առնչությամբ, նեոօսմանյան չափազանցություններն ու ժամանակավոր ագրեսիան ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի դեմ անբարեխղճության բավարար ապացույց չեն, ապա դիտարկեք նրա մյուս պատերազմը՝ իր երկրում ժողովրդավարության դեմ: Բացի մարդու իրավունքների խախտումներից, Էրդողանը հսկայական խառնաշփոթ է ստեղծել Թուրքիայի տնտեսության մեջ։ Գնաճը 58 տոկոս է կազմում, կենսամակարդակը սրընթաց անկում է ապրում։ 18-25 տարեկան մարդկանց ավելի քան 70%-ն ասում է, որ նախընտրում է այլ տեղ ապրել»,- գրում է The Observer-ը։

Չափից ավելի զգույշ, ռիսկի հակում չունեցող Բայդենն ու Սթոլթենբերգը պետք է հրաժարվեն հին, վարկաբեկված մտածելակերպից: Նրանք Էրդողանին պետք է հիշեցնեն, որ ՆԱՏՕ-ն արժեքների, ինչպես նաեւ կանոնների համայնք է, ողջունեն Շվեդիային եւ Ֆինլանդիային դաշինքում՝ բոլոր 30 անդամների քվեարկությամբ, եւ անհրաժեշտության դեպքում կասեցնեն Թուրքիայի անդամակցությունը՝ փոփոխություններ կատարելով Հյուսիսատլանտյան պայմանագրում: Եթե նրան դուր չի գալիս, ինչ արած, դա կոպիտ է:

Թուրքիան գտնվում է դաժան տարածաշրջանում։ Ոչ ոք նրա առաջնորդներից խաղաղության եւ սիրո հոսքեր չի սպասում: Եվ նա կարող էր կրկին արժեքավոր դաշնակից դառնալ: Բայց Թուրքիան անփոխարինելի չէ։ Անհրաժեշտության դեպքում, արեւմտյան ժողովրդավարությունները կարող են հանգիստ առանց նրա էլ ապրել, քանի դեռ չի եկել այն երջանիկ օրը, երբ Անկարայի փնթփնթան սուլթանը վերջապես կվնասազերծվի, եզրափակում է հոդվածի հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ