
Թունիսի նախագահ Քայիս Սաիդը երեքշաբթի օրը աշխատանքից ազատել է ԱԳ նախարար Օսման Ջերանդիին՝ նրա փոխարեն նշանակելով ԵՄ-ում եւ Բելգիայում նախկին դեսպան Նաբիլ Ամմարին, հայտնում է Reuters-ը։
Երկրի արտաքին գործերի նախարարի հրաժարականի մասին նախագահի վարչակազմի հայտարարության մեջ Ջերանդիի պաշտոնանկության կամ Ամմարի նշանակման որեւէ պատճառ չի նշվում։
Ջերանդին արտաքին գործերի նախարար նշանակվել է 2020 թվականին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2013-14 թվականներին։
Սաիդը կառավարության նախարարների մեծ մասին փոխել է 2021 թվականի վերջին խորհրդարանը փակելուց, վարչապետին պաշտոնանկ անելուց եւ երկրի քաղաքական համակարգի վերակառուցում սկսելուց հետո, բայց նա այն ժամանակ պահել էր Ջերանդիին պաշտոնում: