
Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Սիրիայում ՀՀ դեսպանությունից:
Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։
Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Տիգրան Գեւորգյանն ասել է.
«Հայաստան իր պատրաստակամութիւնը յայտնած էր Սուրիոյ եղբայր ժողովուրդին օգնութեան ձեռք երկարելու, վարչապետը հեռաձայնային զրոյց ունեցած ու ցաւակցութիւն յայտնած էր Սուրիոյ նախագահին։ Սա Հայաստանի օժանդակութեան առաջին գործնական արտայայտութիւնն է, այսօր գիշեր պիտի ժամանէ նաեւ ՀՀ մարդասիրական օժանդակութեան օդանաւը»։
Հալէպի միջազգային օդակայանի տնօրէնն ու նահանգապետարանի գործադիր գրասենեակի տնօրէնը շնորհակալութիւն յայտնեցին Հայաստանի պետութեան ու կառավարութեան, դիտել տալով որ այս օգնութիւնը շատ կարեւոր նշանակութիւն ունի Սուրիոյ եւ անոր ժողովուրդին համար եւ կ՚արտայայտէ Հայաստան-Սուրիա պատմական յարաբերութիւններու կայուն ընթացքն ու երկու երկիրներու ժողովուրդներուն երկար տարիներու բարեկամութիւնը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳՆ–ն փետրվարի 7–ին հաղորդել էր, որ փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երեւանի ժամանակով 14։24-ին եւ 14։36-ին եւս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Վերջին տվյալով, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37 011–ի։