News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ի տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ուեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը (Թուրքիայում եւ հարեւան Սիրիայում)։ Սա վերջին տասնամյակներին տարածաշրջանի ամենահզոր երկրաշարժն է։ Ցավոք, հետազոտողները եւս մեկ երկրաշարժ են կանխատեսում Թուրքիայում առաջիկա տարիներին, ընդ որում՝ տարերային աղետից կարող է տուժել Ստամբուլը, որի բնակչությունն այսօր կազմում է 15 միլիոն մարդ։ Եվ գիտնականները խիստ դժգոհ են նրանից, թե ինչպես են տեղի իշխանությունները պատրաստվում դրան, գրել է «Մեդուզա»-ն։

«Դա անխուսափելի է, փաստ է»,- 2006թ. The Guardian բրիտանական թերթին հայտարարում էր պրոֆեսոր Օքան Թույսուզը, որն այդ պահին Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրի մասին գիտության Եվրասիական ինստիտուտի տնօրենն էր։ Գիտնականը գնահատել է Ստամբուլի շրջանում առաջիկա տարիներին հզոր երկրաշարժի հավանականությունը. «Մենք գիտենք մագնիտուդը։ Մենք գիտենք տեղը։ Մենք միայն չգիտենք, թե երբ է լինելու։ Բայց կա 65 տոկոսանոց հավանականություն, որ Ստամբուլը կտուժի 7,6 մագնիտուդով երկրաշարժից մինչեւ 2030թ.։ Իսկ դա շատ մեծ հավանականություն է»։

Այդ ժամանակվանից հետո անցած մեկուկես տասնյակ տարիներին գիտնականները հրապարակել են բազմաթիվ հաշվարկներ, որոնք հաստատում են տագնապեցնող կանխատեսումը (հավանականությունը տատանվում է 35-98 տոկոսի սահմաններում, ժամկետը՝ մինչեւ 2045թ., մագնիտուդը՝ «7,0-ից բարձր»)։ Երկրաշարժի մասշտաբների կանխատեսմամբ զբաղվել են ոչ միայն թուրք հետազոտողները, այլեւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ անգամ միջազգային ապահովագրական ընկերությունների փորձագետները։

Խնդիրը քաղաքի աշխարհագրական դիրքն է։ Ստամբուլը գտնվում է Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական սալերի հատման կետում, Հյուսիսանատոլիական բեկվածքի այն տեղամասից 15-20 կիլոմետր հարավ, որն անցնում է Մարմարա ծովի տակով։ Հենց դա էլ կանխորոշում է սեյսմիկ սպառնալիքը։ Սալերի շարժը բեկվածքով հանգեցրել է խոշոր երկրաշարժերի երկար դարերի ընթացքում։ 500 տարուց ավելի մեծ հզորության տարերային աղետներ են տեղի ունեցել Ստամբուլում վեց-յոթ անգամ։ Ամենաաղետալիներից մեկը 1766 թվականին էր, երբ բեկվածքը ճեղքվել էր քաղաքի կողքին (նման սցենարից են վախենում գիտնականները նաեւ այժմ)։

Ստամբուլին մոտ տեղի ունեցած վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել 1999թ.։ Էպիկենտրոնն այդ ժամանակ Իզմիթ քաղաքում էր՝ 90 կիլոմետր դեպի արեւելք։ Զոհվել է ավելի քան 17 հազար մարդ։ Դա արդեն 7,0 մագնիտուդով երկրաշարժերի շարքի յոթերորդ երկրաշարժն էր 1939-ից հետո, որոնք Թուրքիայում տեղի են ունենում արեւելքից արեւմուտք ուղղությամբ, Հյուսիսանատոլիական բեկվածքի երկայնքով։ Հզոր ստորգետնյա ցնցումներն ասես մոտենում են Ստամբուլին։

Կանխատեսվող երկրաշարժը կարող է տեղի ունենալ արդեն հենց քաղաքում, եւ շատ ավելի մասշտաբային լինել իր հետեւանքներով, քան նախորդները։ Ինչպես վկայում է Ստամբուլի քաղաքապետարանի զեկույցը, որը կազմվել է 2020թ. գիտնական-սեյսմոլոգների աջակցությամբ, 7,5 մագնիտուդով ցնցումների դեպքում տարերքի հետեւանքներից տարբեր չափերով կտուժեն քաղաքի բոլոր 39 շրջանները։ Ավերածությունների ամենամեծ վտանգին կենթարկվի մեգապոլիսի եվրոպական մասը Մարմարա ծովի ափին։ Օրինակ, Ավջիլար շրջանում, փորձագետների հաշվարկներով, զոհերի թիվը կարող է կազմել 465 մարդ, վնասվածքներ կարող են ստանալ ավելի քան մեկուկես հազար մարդիկ։ Շրջանի եւս 104 հազար բնակիչ կարող է զրկվել բնակարանից։ Զեյթինբուռնու շրջանում կարող է զոհվել 668 մարդ, ավելի քան 5 330 շենքեր փլուզվելու ենթակա կլինեն։

Քաղաքի հնագույն շրջաններից մեկը՝ Ֆաթիհը, որտեղ գտնվում են կարեւոր պատմական կառույցները (օրինակ՝ Այա Սոֆիան եւ Կապույտ մզկիթը), կարող է ավելի աղետալի հետեւանքների առջեւ կանգնել. երկրաշարժը կարող է փլուզել շենքերի 72 տոկոսը, սպառնալ մոտ մեկուկես հազար մարդու կյանքին։

Վատագույն սցենարի դեպքում, որի մասին նշել է պրոֆեսոր Թույսուզը, աղետի գոտում կհայտնվի Ստամբուլի տարածքի 40 տոկոսը, իսկ ցունամիի բարձրությունը կհասնի յոթ մետրի։

Ստամբուլի քաղաքապետարանի մեկ այլ զեկույցում, որը ներկայացվել է 2021թ., նշվել է, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով կարող են լիովին կամ մասամբ փլուզվել մոտ 209 հազար շենքեր (քաղաքում 1,16 մլն շենք կա)։ Դա կհանգեցնի այն բանին, որ մոտ երեք մլն տեղի բնակիչ անօթեւան կմնա։ Առանձնակի վտանգի գոտում են, ըստ փորձագետների, բարձրահարկ շենքերը, որոնք կառուցվել են մինչեւ 2000թ.՝ հաշվի չառնելով սեյսմիկ սպառնալիքը, որի մասին գիտնականները գիտեն այսօր։ Ստամբուլում նման կառույցների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Աղետի պոտենցիալ տնտեսական վնասը պաշտոնյաները գնահատել են 17 մլրդ դոլար։

Քաղաքապետարանում այն ժամանակ նշել էին, որ քաղաքի համար մշակվել է ստորգետնյա ջրերի հեռացման քարտեզ, իսկ մասնագետներն աշխատում են, որպեսզի այդ ջրերը հեռացվեն տուժողների ժամանակավոր տեղակայման գոտիներից (դրանք փրկարար սարքավորումների եւ հումանիտար օգնության հավաքման կետերն են, ինչպես նաեւ վրանները տնազուրկ եղած մարդկանց համար)։

Սա միակ կանխիչ միջոցը չէ, որը, իշխանությունների մտահղացմամբ, պետք է օգնի աղետին դիմակայելիս։ Օրինակ, Ստամբուլում մշտապես զանգվածային արտակարգ իրադրությունների դիմակայման վարժանքներ են իրականացվում. քաղաքացիներին հեռախոսով, հեռուստաալիքներով, ռադիոկայաններով, մզկիթների բարձրախոսներով տեղեկացնում են երկրաշարժի մասին։ Անցած տարի քաղաքի սեյսմիկ ամենավտանգավոր շրջաններից մեկում՝ Բյույուքչեքմեջում, ցունամիի իրազեկման համակարգ տեղադրվեց, այն կարող էր ալիքից հինգ-յոթ րոպե առաջ տեղեկացնել ցունամիի հարվածի մասին։ Հին շենքերի վերակառուցման եւ նոր, հուսալի շենքերի կառուցման համար ավելի քան տասը տարի աջակցել է նաեւ Համաշխարհային բանկը, այդ ծրագիրը 550 մլն դոլար է արժեցել։

Վերջին տարիներին Ստամբուլում ակտիվորեն տարերային կառուցապատում է իրականացվել։ Իշխանությունները տասնամյակներ չեն կատարում հնարավոր աղետին պատրաստվելու սեփական պլանները։

Բայց փորձագետները պաշտոնյաներին ուղղված բողոքներ, այնուամենայնիվ, ունեն։ Ինչպես Reuters-ին ասել է սեյսմոլոգ, ինժեներ-գեոդեզիստների թուրքական պալատի անդամ Հալուք Էյիդողանը, չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, առնվազն վերջին 15 տարիներին քաղաքում չկարգավորվող կառուցապատում է իրականացվում՝ նոր միգրանտներին տեղավորելու համար։ 

Մասնավորապես, մեծ վտանգ են ստեղծել հին շենքերի վերակառուցման բազմաթիվ նախագծերը, որոնց շրջանակում հավելյալ հարկեր են կառուցվել։ Դա մեծացրել է շենքերի բեռնվածությունը եւ, հավանաբար, դրանք դարձրել ոչ սեյսմակայուն։ Միայն 2019թ. հայտարարված «շինարարական համաներման» շրջանակում քաղաքի իշխանությունները հայտարարություններ են ստացել յոթուկես միլիոն անլեգալ կառույցների մասին։

Ընդ որում, Ստամբուլի՝ երկրաշարժերի հետեւանքներին դիմակայելու գլխավոր պլանը, որը մշակվել է 2003թ., վերջին անգամ թարմացվել է 2018-ին։ 2020թ. Երկրաշարժերի հետ կապված ռիսկերի կառավարման քաղաքային վարչության ղեկավար Թայֆուն Կահրամանը խոստովանել է, որ առայժմ ոչ մի շենք չի վերակառուցվել գլխավոր պլանի պահանջներին համապատասխան, բայց խոստացել է, որ հետագայում ռիսկերի գնահատում կկատարվի միանգամից 790 շենքերի համար։ Շենքերի մի մասի համար լուծում կարող է դառնալ կրող կառույցների ամրացումը, մյուսների համար՝ լիակատար վերակառուցումը, նշել է պաշտոնյան։

Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Դողան Կալաֆաթի կարծիքով՝ սա ուշացած արձագանք է։ Գիտնականը կոչ է արել իշխանություններին սկսել ամենաանհուսալի կառույցների վերակառուցումը, մինչեւ ամբողջ բնակելի ֆոնդի համալիր գնահատումն ավարտելը՝ 2020թ. արդեն հավաքված տեղեկությունների հիման վրա։

Փորձագետ Հալուք Էյիդողանը ներկայացրել է Զեյթինբուռնու շրջանի պաշտոնյաների դանդաղկոտության օրինակը։ Շրջանը գտնվում է Հյուսիսանատոլիական բեկվածքի վտանգավոր մասին անմիջապես մոտ։ Դեռեւս գլխավոր պլանում էր նշվել, որ կառույցների որակը չափազանց ցածր է, որ դրանք համալիր վերակառուցման կարիք ունեն, որ շրջանում անհրաժեշտ է ստեղծել ապաստարանների ցանց տուժածների համար։ Բայց երկու տասնամյակի ընթացքում Ստամբուլի քաղաքապետարանը այդպես էլ չի սկսել երկրաշարժին նախապատրաստվելու ակտիվ աշխատանքներ, փաստել է փորձագետը. «Պլանն այդպես էլ մնացել է «դարակում», ոչ ոք դրան չի կպել»։ Ավելին, վերջին տարիներին շրջանում կառուցվել են նոր բարձրահարկ շենքեր՝ ապահովված գնորդների համար։ Իսկ տեղի աղքատ շերտերի բնակիչները շարունակում են ապրել անապահով տներում, նշել է Էյիդողանը։

Ո՞ւր է տանում սոցիալական անհավասարությունը. հարցին The Guardian-ի հարցազրույցում անդրադարձել է պրոֆեսոր Օքան Թույսուզը. Ստամբուլի եվրոպական մասը կառուցվել է [երկրաշարժի տեսակետից ոչ այնքան անվտանգ] փափուկ, հյուսիսը եւ ասիական մասը՝ ամուր, հին քարի վրա։ Ահա թե ինչու հարուստ բնակիչները նախընտրում են ամառանոցներ կառուցել Բոսֆորում [հյուսիսում]։

Վտանգ է ներկայացնում նաեւ այն, որ Ստամբուլի բոլոր բնակիչները չէ, որ պատրաստ են պայքարի գալիք աղետի դեմ։ «Շատերն այդ հեռանկարին նայում են որպես ճակատագրապաշտներ. թող լինի ինչ լինելու է, եթե ճակատագիրն այդպիսին է։ Մարդիկ պարզապես անտեսում են իրականությունը՝ ջանալով այդ կերպ ճնշել տագնապը»,- The Guardian-ին բացատրել է հոգեբան Իբրահիմ Էքեն, որը երեք տարի աշխատել է Իզմիթի երկրաշարժից տուժածների հետ։ Ընդ որում՝ Ստամբուլում, նրա խոսքով, կան նաեւ ակտիվ բնակիչներ, որոնք կանխիչ միջոցներ են ձեռնարկում աղետին դիմակայելու համար, նրանք կատարում են նախազգուշական բոլոր քայլերը եւ անգամ պարեկում փողոցներում՝ փնտրելով այն մեքենաները, որոնք փակում են շենքերի՝ վթարների համար նախատեսված ելքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1 038-ի
Երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է...
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է...
Թայվանում երկրաշարժի տուժածների թիվը հասել է 963-ի
Ինչպես նշել է շտաբի ներկայացուցիչը, ևս 143 մարդ արգելափակված է կամ օգնության…
Ամենաշատ