News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այս մասին ասվում է Amnesty International-ի պատրաստած նյութում։

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին եւ ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին: Նշենք, որ այսօր հրապարակված նյութն ավելի վաղ շրջանի տվյալներ է պարունակում։ Շրջափակումը շարունակվում է, եւ իրավիճակն էլ ավելի է լարվել։

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է եղել բոլոր քաղաքացիական եւ առեւտրային տրանսպորտային միջոցների համար այն բանից հետո, երբ այն արգելափակվել է տասնյակ բողոքող ադրբեջանցիների կողմից։ Տարածված կարծիքի համաձայն՝ ցուցարարները գործել են երկրի իշխանությունների աջակցությամբ։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական նշանակության դեղամիջոցների եւ բժշկական սպասարկման հասանելիությունից։ Տեղի բուժաշխատողների եւ տարածաշրջանի բնակիչների խոսքով՝ շրջափակումն առավելապես ազդում է ռիսկային խմբերի մարդկանց, այդ թվում՝ կանանց, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Շրջափակումը հանգեցրել է պարենի եւ դեղորայքի սուր պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ Էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ ավտոմոբիլային վառելիքի խափանումները հսկայական դժվարություններ են ստեղծում, հատկապես այն խմբերի համար, որոնք առավել խոցելի են խտրականության եւ մարգինալացման համար: Դա պետք է անհապաղ դադարեցնել»,-ասել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրազերսը։

«Ադրբեջանական իշխանությունները միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանություն ունեն այդ տարածքների նկատմամբ, նրանք նաեւ վերահսկում են այն տարածքը, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվի սննդամթերքից, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից եւ դեղերից: Իր կողմից ռուսական խաղաղապահ առաքելությունը պետք է ապահովի Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,-հավելել է Ստրազերսը։

Առողջապահության մատչելիությունը տարածաշրջանում դարձել է առավել սուր խնդիր, դեղամիջոցների եւ բժշկական նշանակության ապրանքների պակաս կա։ Ստեղծված իրավիճակը հատկապես ծանր են տանում տարեցներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնցից շատերն ունեն քրոնիկ հիվանդություններ։

Ստեփանակերտի հիվանդանոցում աշխատող սրտաբան Վարդան Լալայանը մինչեւ շրջափակումը ամսական ընդունում էր 30-40 հիվանդի (գրեթե բոլորը տարեցներ են)։ Այժմ նա ամսական ընդունում է ընդամենը հինգ կամ վեց հիվանդ, սովորաբար այն մարդիկ, ովքեր սրտի կաթվածից հետո շտապ օգնության կարիք ունեն: Նա Amnesty International-ին հայտնել է, որ ստենտավորման կարիք ունեցող հիվանդների մեծ մասը չեն կարող ստանալ իրենց անհրաժեշտ խնամքը ստենտների եւ այլ բժշկական պարագաների պակասի պատճառով:

«Այժմ մենք անում ենք նման ընթացակարգերի անհրաժեշտ ծավալի միայն 10 տոկոսը։ Մենք պարզապես ստենտների պակաս ունենք։ Ամեն օր մենք կորցնում ենք շատ մարդկանց, շատ հիվանդների»,-ասել է նա Amnesty International-ին:

Նյարդաբան Բիայնա Սուխուդյանը Amnesty International-ին ասել է. «Մեկ շաբաթ առաջ մենք ունեինք մի երեխա [էպիլեպսիայով], որին շտապ անհրաժեշտ էր դեղորայք, եւ մենք չունեինք այն, եւ ոչ ոք չուներ, պահեստները դատարկ էին․․․ Մեկ շաբաթ անց, Կարմիր խաչի միջնորդությամբ, մեզ հաջողվեց երեխային բուժման ուղարկել Երեւան»։

Վարդան Լալայանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն աջակցում է տարածաշրջանից դուրս գտնվող բուժհաստատություններ տեղափոխելուն այն հիվանդներին, ովքեր գտնվում են «կայուն վիճակում»։ Այնտեղ նրանք կարող են ստանալ անհրաժեշտ օգնություն: Իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները ստիպված են եղել մնալ հիվանդանոցում, որտեղ համապատասխան խնամք չի եղել, ինչը հանգեցրել է մի քանի մահվան դեպքերի, որոնք հնարավոր է կանխել։ Շատ հիվանդներ նույնպես դժկամությամբ են որոշում հեռանալ Լեռնային Ղարաբաղից, քանի որ հաճախ դա նշանակում է, որ նրանք երկար, անորոշ ժամանակով բաժանվում են իրենց ընտանիքներից՝ առանց վերադարձի որեւէ երաշխիքի:

Ութ ամսական հղի Մարտակերտից Մելինե Պետրոսյանը պատմել է Amnesty International-ին․ «Ծննդատունը լեփ-լեցուն էր, իսկ դեղորայքը, հիգիենայի պարագաներն ու առաջին անհրաժեշտության պարագաները, տակդիրները, կաթնախառնուրդները չէին հերիքում: Հիվանդասենյակում հաճախ ցուրտ էր լինում էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով։ Բժիշկների տրամադրության տակ կար ընդամենը մեկ ինկուբատոր վաղաժամ ծնվածների համար, եւ երեք վաղաժամ ծնված երեխաներ պետք է հերթով այնտեղ լինեին: Սարսափելի է մտածել, թե որքան անկանխատեսելի կարող է լինել ծննդաբերությունը նման պայմաններում»։

Առողջապահության ոլորտի մասնագետները, տարեցները եւ հաշմանդամություն ունեցող անձինք պատմել են, որ շատ դժվար է դարձել քրոնիկ հիվանդությունների դեմ դեղեր գնելը, այդ թվում՝ արյան ճնշումը վերահսկելու համար, սրտի հիվանդությունների, էպիլեպսիայի, ասթմայի համար անհրաժեշտ դեղեր, ինչպես նաեւ ցավազրկողներ եւ հակաբիոտիկներ, որոշ դեղամիջոցներ ընդհանրապես անհետացել են վաճառքից, իսկ Լեռնային Ղարաբաղում շատ դեղատներ ամբողջությամբ փակվել են: Այն դեպքում, երբ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել անհրաժեշտ դեղամիջոցները, դրանք շրջափակման պատճառով զգալիորեն ավելի թանկ են արժեցել, ինչը ստիպել է հիվանդներին կրճատել դրանց օգտագործումը։

Շրջափակումը պարենի պակաս է առաջացրել, ինչը ստիպել տարածաշրջանի դե ֆակտո իշխանություններին հունվարի սկզբին ներդնել քարտային համակարգ: Ըստ բնակիչներից մեկի՝ «յուրաքանչյուր մարդ կարող է ստանալ կես կիլոգրամ բրինձ, մակարոնեղեն եւ մեկ լիտր յուղ եւ մի քիչ շաքար», ապրանքները թողարկվում են մեկ անձի համար ամսական մեկ կիլոգրամի կամ լիտրի չափով՝ անկախ տարիքից։ Հարցվածները պատմել են, որ չնայած այն բանին, որ այդ ջանքերն օգնել են կանխել հիմնական սննդամթերքի գների պայթյունավտանգ աճը, թարմ բանջարեղենն ու մրգերն ամբողջությամբ անհետացել են խանութների դարակներից, իսկ կաթի ու ձվի համար, երբ դրանք հայտնվում են վաճառքում, երկար հերթեր են գոյանում:

Հարցաքննելով տեղի բնակիչներին՝ Amnesty International-ը պարզել է, որ կանայք, ըստ երեւույթին, սովորաբար ձգտում են ավելի շատ սնունդ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին՝ ի վնաս իրենց: Amnesty International-ի կողմից հարցված առողջապահական մասնագետները նշել են, որ կանանց եւ երեխաների շրջանում իմունային անբավարարության, սակավարյունության, վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ շաքարախտի վատթարացման դեպքերի զգալի աճ է գրանցվել, ինչը սննդի պակասի ուղղակի արդյունք է:

Երկու երեխաների մայր Նառա Կարապետյանը Amnesty International-ին պատմել է. «Մենք արդեն մեկ ամսից ավելի ոչ միրգ ունենք, ոչ բանջարեղեն։ Ինչ եթե սնունդ եմ գնում, փորձում եմ առաջին հերթին կերակրել երեխաներիս»։

Լեռնային Ղարաբաղում մի քանի բուժաշխատողներ Amnesty International-ին հայտնել են հղի կանանց մոտ բարդությունների աճի մասին։ Բացի այդ, ավելացել է վիժումների եւ վաղաժամ ծնունդների թիվը, քանի որ ապագա մայրերը չեն կարողացել ստանալ հղիության ընթացքում իրենց համար անհրաժեշտ կենսական դեղամիջոցներն ու սննդանյութերը։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ պատմել են, որ շրջափակման ժամանակ ավելի շատ են տուժել մեկուսացումից, քանի որ վառելիքի բացակայության պատճառով չեն կարողացել օգտվել ո՛չ հասարակական, ո՛չ անձնական տրանսպորտից: Յակով Ալթունյանը, որը տեղաշարժվում է անվասայլակով, քանի որ նրա երկու ոտքերն անդամահատել են 1990-ականներին ականի պայթյունի հետեւանքով, փաստացի մնացել է փակված իր տանը։ «Նույնիսկ վիրավորում ստանալուց հետո ես միշտ փորձում էի փողոցում լինել եւ շփվել, քանի որ ինձ համար չորս պատի մեջ փակվելը նման էր բանտարկության»,-ասել է նա Amnesty International-ին:

Շրջափակման մյուս ծանր հետեւանքների թվում պետք է նշել կրթության իրավունքի խախտումը։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որոնցում զբաղվում էր շուրջ 27 հազար երեխա, ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության եւ էլեկտրականության ընդհատումների պատճառով: Չնայած դպրոցները մասամբ բացվել են 2023 թվականի հունվարի 30-ին, դասերը սահմանափակվում են օրական չորս ժամով:

Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են տարածաշրջանի սահմաններից դուրս եւ չեն կարողանում տուն վերադառնալ շրջափակման սկզբից ի վեր, նրանց թվում՝ առնվազն 270 երեխա: Նրանց տեղավորում են հյուրանոցներ, հարազատների կամ կամավորների մոտ՝ Հայաստան։  Գազի եւ բենզինի դեֆիցիտը խորանում է Ադրբեջանից գազի մատակարարման հաճախակի ընդհատումներով եւ էլեկտրաէներգիայի անջատումներով, որոնք տեւում են օրական միջինը վեց ժամ։ «Քանի որ շրջափակումը շարունակվում է արդեն իններորդ շաբաթ, բոլորը սպասում են գործուն քայլերի Ադրբեջանի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների կողմից։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի անհապաղ ապաշրջափակվի Լաչինի միջանցքը եւ վերջ դրվի ծավալվող հումանիտար ճգնաժամին»,-հայտարարել է Մարի Ստրազերսը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ