News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 զեկույցը, որի համաձայն ՀՀ-ն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության նիստին հրավիրել ենք նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ԲԴԽ նախագահ ԿԼարեն Անդրեասյանին, որպեսզի փորձենք հասկանալ՝ իօնչն է նման հետընթացի պատճառը: Սա շատ կարեւոր ցուցիչ է մեզ համար եւ հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանգրելու շատ հստակ նպատակադրում ունենք եւ մինչեւ 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք: Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,-ասաց Փաշինյանը:

Նա խնդրեց Հոկտանյանին ներկայացնել՝ ինչ է նշանակում զեկույցի այդ ցուցիչը եւ որոնք են պատճառները, որ հանգեցրել են նման արդյունքի:

Հոկտանյանն իր խոսքում ասաց. «Կոռուպցիայի ընկալման համաթիվի հաշվարկն իրականացվում է 1995-ից, 2003-ից Հայաստանը գտնվում է դասակարգման աղյուսակում:

Սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս: Այս ցուցիչը միայն տվյալ երկրի եւ տվյալ երկրին առնչվող գործարարների ու փորձագետների ընկալումն է ցույց տալիս: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ինքը չի հաշվարկում, այդ կազմակերպությունը վերցնում է 12 հայտնի միջազգային կազմակերպությունների (ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, «Ֆրիդոմ Հաուս» եւ այլն)  ուսումնասիրություններ, որոնց ուսումնասիրություններում կան նաեւ կոռուպցիայի վերաբերյալ հարցեր: Կազմակերպությունը այդ ուսումնասիրություններից առանձնանցում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը, բերում է 0-100 սանդղակի, ապա հաշվարկում է ամեն մի աղբյուրի կողմից համաթիվը: Կոնկրետ Հայաստանի դեպքում 6 աղբյուր կա: Դրանից հանվում է միջին թվաբանականը եւ ստանում այդ ցուցիչը»,-ասաց նա:

Հոկտանյանի խոսքով, մինչեւ 2012-2018 թվականներին այդ ցուցչիը տատանվում էր 33-37-ի միջեւ. «Դրանից հետո եղավ կտրուկ առաջընթաց 2 տարիների ընթացքում, 2019-ին միանգամից 42 բարձրացավ, իսկ 2020-ին եւս 7 միավոր ավելացավ: 2021-ին կանգնեց աճը, եւ այս տարի նահանջեց: Այդ նահանջը վիճակագրորեն զգալի չի, բայց անհանգստանալու կարիք կա, 3 միավոր նահանջը քիչ չէ»:

Անդրադառնալով պատճառներին, Հոկտանյանը չցանկացած ընդհանրացում անել կամ առանձին ոլորտներ վերցնել. «Բայց նայելով ուսումնասիրությունները, տեսնում ենք, որ այդ երեք միավոր նահանջի մոտավորապես 70 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը: Դրանք երկու տիպի հարցեր են.  առաջինը այն է, թե բիզնեսները որքանով են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին, երկրորդը այն է, թե որքանով են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձեւով մասնավորին: Դա այն է, երբ գնումների եւ այլ գործընթացների միջոցով տեղի է ունենում հանրչային միջոցների յուրացում, նաեւ միջնորդավորված կերպով երեւում է այն երեւույթը, որը կոչվում է պետության զավթում, այսինքն ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել օրենսդիր ու գործադիր իշխանություններին»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մտահոգիչ է, որ չկա առաջընթաց, ինչն արդեն խնդիր է. «Կարելի է արձանագրել նաեւ, որ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է  թույլ տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ: Դուք նշեցիք, որ բիզնեսը տարբեր ապօրինի վճարումներ է իրականացնում տարբեր պետական մարմինների, մենք դրա մասին գիտենք, որովհետեւ 2022-ին մենք մի քանի հիշարժան ձերբակալություններ, կալանավորումներ ունեցել ենք: Իհարկե, խնդիրը դրանով չի վերանում: Այս իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է անենք, որ Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվի»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ