Մի քանի օր է՝ Արցախի խանութների դատարկ ցուցափեղկերին բրնձի, ձեթի, շաքարավազի, հնդկաձավարի ու մակարոնեղենի կողքին միրգ, բանջարեղեն, քաղցրեղեն ու այլ մթերքներ են հայտնվել։
«Հերթերն ահավոր են, ժամերով սպասում ենք հերթի մեջ։ Երեխայի հետ շատ անհարմար է, ցուրտ է։ Օր է եղել մոտ երեք ժամ սպասել ենք հերթում, դուրս են եկել խանութից, ասել, որ էլ բան չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտի բնակչուհի Մարիամ Գրիգորյանը։
Ադրբեջանի կողմից գազամատակարարման պարբերաբար դադարեցման պատճառով, Մարիամի որդին՝ Տիգրանը, մեկ ամսից ավելի է՝ դպրոց չի հաճախում։ Տանն ինքնուրույն է դասերը սովորում։ Տասն օր է՝ տունը ջեռուցում են փայտի վառարանով, ինչպես Սեփանակերտում շատերը։
«Եղանակը ցրտել է, ձյուն է եկել, սաղ քաղաքը մտածում է փեջով ջեռուցելու մասին, հոսանքը չի հասցնում տաքացնի, մինչեւ ջերմացնում է, հոսանքը նորից անջատվում է։ Վառարանի վրա ենք ջուրը տաքացնում»,- ասում է Մարիամը։
Գազի բացակայությանը զուգահեռ վերջին օրերին Արցախի մայրաքաղաքում հաճախացել են նաեւ հոսանքի մատակարարման վթարային անջատումները։ Բազմանդամ ընտանիքի մայր Արեւը հայտնում է, որ եթե վթար չի լինում, ապա երեք ժամը մեկ մեկ ժամով դադարեցվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ընդհանուր առմամբ օրը վեց ժամ լույս չեն ունենում։
«Անցել ենք փայտի վառարանի, քանի որ փոքր բալիկ ունեմ, չեմ կարող հույսը դնել գազի կամ էլ հոսանքի վրա, որոնք պարբերաբար անջատվում են։ Քաղաքապետարանի կողմից փայտ է տրամադրվում, բայց հերթը մեզ չի հասել։ Դիզվառելիքը խնայվում է, տրանսպորտ չկա»,- նշում է Արեւը։
Նա նույնպես պատմում է վերջին օրերին Արցախի մթերային խանութներում մեծ կուտակումների մասին։ Ապրանքն ավելացել է, բայց շուտ է սպառվում։
«Նարինջ, խնձոր, լիմոն, բանան, մանդարին, բանջարեղենից՝ կաղամբ, գազար, բազուկ, իսկ կարտոֆիլը, որի մասին բոլորը երազում են, դեռ չեն բերել։ Քաղցրեղեն, մսամթերք, կարագ, սուրճ, թեյ․ այս ապրանքներից նույնպես ստացել են խանութները»,- պատմում է Արեւը։
Գազամատակարարման դադարեցման պատճառով Արեւի երկու տղաները նույնպես դպրոց չեն հաճախում։
Մանկահասակ երեխաների մայրերը պատմում են, որ վերջին շրջանում Արցախում կառնախուրդների եւ տակդիրների խնդիր չկա, որոշ դեղերի, պակաս, սակայն, նկատվում է։
«Հակաբիոտիկների պակաս կա»,- նշում է Մարիամ Գրիգորյանը։
Հարմարվել ենք այս իրավիճակին, ասում է Մարիամն ու ընդգծում՝ անորոշությունից են հոգնել։ Չգիտեն՝ մինչեւ ինչքան պետք է այսպես ապրեն։
«Մենակ հոգեպես է դժվար, թե չէ ղարաբաղցիներս ուժեղ ենք, հաղթահարել ենք դժվարությունները, հիմա էլ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Մարիամը։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող եւ կտրոնով վաճառվող հինգ ապրանքատեսակներին կավելանան նաեւ միրգը, բանջարեղենը եւ ձուն:
Մանրամասները՝ տեսանյութում։











