ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հունվարի 28-ին «Եռաբլուրում» հայտարարել է, թե սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել։ 

Սասուն Միքայելյանն ընդգծել է, թե խոսքը եղել է ոչ թե բանակի զինվորների մասին, այլ ռազմաքաղաքական էլիտայի։ 

«Ինչո՞ւ եմ էդպես ասել, որովհետեւ, երբ բանակ կաշառք է մտնում, էդ բանակը չկա։ Ինձ էն մարդիկ են արձագանքել, որոնք բանակում հիմնականում թալան են արել»,- ասել է Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահն արձագանքել է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե Սասուն Միքայելյանը բանակից հասկանում է այնքան՝ ինչքան ինքը գինեկոլոգիայից։

Սասուն Միքայելյանն իր հերթին ասել է, որ ինքը չի կասկածում Հակոբյանի ռազմական գիտելիքների վրա, ապա կրկնել այն միտքը, որ Վազգեն Սարգսյանից հետո բանակում թալան է սկսվել։

«Բոլորիս էլ հայտնի է, թե այս տարիների ընթացքում բանակի վերնախավը, գեներալիտետն ինչով է զբաղվել։ Ես դրա համար եմ ասել, որ մենք բանակ չենք ունեցել։  Մովսես Հակոբյանը ասում է՝ եթե բանակ չենք ունեցել, ապա ինչպե՞ս ենք 2016-ին պատերազմը կանխել։ Ես կարող եմ ասել, որ քառօրյա պատերազմում դիվերսիոն հարձակում է եղել, որի հետեւանքով ադրբեջանական կողմը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցեղ Լելե Թեփեն վերցրել է ու վերահսկողության տակ է վերցրել ամբողջ Ջաբրայիլի ուղղությունը։ Էլ չասեմ, թե էնտեղ տանկերն ինչ վիճակում են եղել, սալյարկի խնդիր կար, չկար ոչ մի բան։ Այն ժամանակ մեծ դերակատարություն է ունեցել հրետանին ու սպայական, զինվորական կազմը, որոնք դեմն առել են։ էդ ամեն ինչը կանխել է հրետանին։ 2016-ի քառօրյան մեզ մեսիջ էր, որ մենք լուրջ բանակ ունենանք՝ ժամանակակից սպառազինությամբ»,- ասել է նա։

ԵԿՄ նախագահը անդրադարձել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, նշել, թե Շարմազանովը հայտարարել է, որ ինքը 44-օրյա պատերազմում մասնակցություն չի ունեցել։ Սասուն Միքայելյանը Շարմազանովին հայհոյել է հեռուստաընկերության եթերում եւ նրան մեղադրել բանակի մասին պատկերացում չունենալու մեջ եւ հավելել, որ ինքը պատերազմի ժամանակ  եղել է Ջաբրայիլում։

«ԵԿՄ-ից 44-օրյա պատերազմին մասնակցել է 4000 մարդ, զոհվել է 74 մարդ, վիրավորվել՝ 113 մարդ։ Իմ վիրավորվելու ընթացքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23 անձ։ Ես հոգնել եմ արդեն էդ կեղծ լուրերին անդրադառնալ»,- ասել է Միքայելյանը։

Սասուն Միքայելյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ականների քննադատությանը, որ ինքը ժամանակին ուրացել է Սերժ Սարգսյանին, միացել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նրան էլ ուրացել ու միացել Նիկոլ Փաշինյանին։ Միքայելյանը չի հերքել, որ ինքն առաջարկել է Սերժ Սարգսյանին լինել նախագահ։ ԵԿՄ նախագահը շեշտել է, թե իր նպատակը ՀՀԿ-ին հաշվետվություն տալը չէ, այլ որպեսզի սխալ հասարակական կարծիք չձեւավորվի, հարկմ է համարում ասել, որ  ինքն իր սկզբունքներին ու գաղափարներին հավատարիմ է մնացել։ Նա ընդգծել է, որ 6 անգամ պատգամավոր է ընտրվել, եւ իրեն երբեք ոչ մեկ պաշտոնի չի նշանակել։

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այո, ես նման բան ասել եմ, որովհետեւ նախ Ռոբերտ Քոչարյանից պրծնելու միակ ձեւը Սերժ Սարսգյանն էր, ես Սարգսյանին ճանաչել եմ Հաթերքի անտառներից՝ 1991 թվականին։ Հետո Սերժ Սարգսյանին Վազգեն Սարգսյանը մինչեւ վերջ վստահում էր։ Ասել եմ՝ Սերժ Սարգսյանը գա, որ էս երկիրը կարգավորենք»,- պատմել է Միքայելյանը ու պարզաբանել նաեւ այն, թե ինչպես է ստացվել, որ ինքը ՀՀԿ-ի օրոք մանդատ է ստացել։

Ըստ ԵԿՄ նախագահի՝ 2007-ին, ինքը մտել է Սերժ Սարսգյանի մոտ ու ասել, որ ինքը ընտրություններին չի մասնակցելու։ Միքայելյանը բացատրել է, որ ընտրություններին չի մասնակցում, որովհետեւ իր հույսերը չեն արդարացել, այսինքն՝Սերժ Սարսգյանը չի կարգավորել երկրի հարցերը։ Բացի այդ, Միքայելյանը դժգոհել է, որ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցել է իր խոսքով՝թալանչիների հետ։

«Ասասցի՝ ես այդ ճանապարհը չեմ գա։ Ասացի՝ մի երկու-երեք տարի հետո ժողովուրդը մեզ ոտնատակ է տալու»,- ասել է Սասուն Միքայելյանն ու ընդգծել, որ ինքը հետագայում հայտնվել է այնտեղ, որտեղ ժողովուրդն է եղել։

Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել. Սասուն Միքայելյան (news.am)