Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական տարածաշրջանի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի Բաքու այցի ծրագրում Ադրբեջանի իշխանությունները ներառել են նաեւ «շեհիդների ծառուղի» այց։
Այցի մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։ Նշվում է, որ պետնախարարը հարգել է 1990թ. հունվարի 20-ին «Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ ԽՍՀՄ զորքերի կողմից իրականացված հաշվեհարդարի» հետեւանքով զոհված նահատակների հիշատակը։ «Կրեմլը նման իրադարձություններ այժմ իրականացնում է նաեւ Ուկրաինայում»,-հավելել է Օլդը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նման համեմատությամբ, որն ակնհայտորեն կոչված էր «խայթել» կամ Կրեմլին կամ ԽՍՀՄ-ին, դեսպան Օլդը գործնականում ցույց է տվել, որ անտեղյակ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլից։ 1990թ. հունվարի իրադարձությունները, որոնք անգլիացի դիվանագետը համեմատել էր Ուկրաինայի պատերազմի հետ, Ադրբեջանում հայերի կոտորածի հետեւանք էին։ ԽՍՀՄ-ի գործողությունները, ցավոք, միայն ուշացած փորձ էին Բաքվում եւ ադրբեջանական այլ քաղաքներում հայերի զանգվածային սպանությունները կասեցնելու համար։ Այսպես այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի հայերի ազատագրական շարժմանը։
Ցավոք, իրենց պատմության այս խայտառակ էջի մասին Ադրբեջանում ոչ միայն նախընտրում են չհիշել, այլեւ իրենց ու մյուսներին վստահեցրել են, որ այն պարզապես չի եղել։