Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։



























