News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։

Նշենք, որ հրդեհի գործով կապիտանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կապիտանն այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետեւանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ:

Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Տպել
Ամենաշատ