News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվում տասնյակ հայ ռազմագերիներ կան՝ պատերազմի եւ երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների պատանդներ։ Ադրբեջանը, որը ռազմագերիներին «ահաբեկիչներ» է անվանում, չի շտապում նրանց հանձնել Հայաստանին։ Այդ մարդիկ դարձել են «մանրադրամ» բանակցություններում, որոնք պետք է հանգեցնեին խաղաղության, բայց մտել են փակուղի։ Այս մասին գրում է ВВС-ի ռուսական ծառայությունն իր «Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա» ծավալուն նյութում։

ВВС-ն հիշեցնում է, որ 2021թ. ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Նրանց մեղավոր են ճանաչել ահաբեկչության, զենքի ապօրինի պահման եւ կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ։ Ապակե վանդակում դատավճիռը լսել են զինվորականները, որոնց շրջապատել եւ կալանավորել են 2020թ. նոյեմբերի վերջին՝ արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նրանք կանգնած էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հինթաղլար (Հին Թաղեր) գյուղում։ Այս գյուղը կարեւոր կետ է քարտեզի վրա, որը պատերազմի ժամանակ վերագծվում էր ամեն օր։ Ադրբեջանական բանակը ճակատի գիծը հետ է քաշել ընդհուպ մինչեւ Հինթաղլար։ Երբ մարտերն ավարտվեցին, գյուղը հայտնվեց «գորշ գոտում»։  Թե ով էր վերահսկում Հինթաղլարը՝ հասկանալի չէր։ Ղարաբաղ մտած ռուս խաղաղապահները կարծում էին, որ գյուղում ադրբեջանցիներ են, ուստի ռուսները դիտակետեր դրեցին Հինթաղլարից 15 կիլոմետրի վրա։ Այս որոշմանը Բաքվում համաձայն էին, բայց Հայաստանը կարծում էր, որ քանի որ գյուղը չի վերցվել, այն պատկանում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Արդյունքում՝ գյուղի մոտի անցակետում շարունակում էին փոխատեղվել հայ զինծառայողները։ Անորոշությունը տիրում էր մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքում, դժվարանցանելի տեղանքում, որտեղ անընդհատ կորում էր հեռախոսակապը։ 

 ...Փորձելով դուրս գալ Հադրութի շրջանից՝ զինծառայողները հանդիպել են ադրբեջանցիների։ Մոտ 60 հայ գերի է ընկել։

...Բաքուն պնդում է, որ Ադրբեջանի տարածքում գերության մեջ է գտնվում 33 հայ ռազմագերի։ Բայց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն ասում է, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Մենք հանձնել ենք անհետ կորած զինծառայողների ցուցակները Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Ադրբեջանը հաստատել է, որ այդ մարդկանց մի մասը՝ հենց 33 հոգի, գտնվում է իրենց մոտ։ Բայց որտե՞ղ են այդ դեպքում մյուսները»,- հարցնում է Թաթոյանը։ Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանում կարող են գտնվել եւս 80 մարդիկ։ Նախկին օմբուդսմենն ավելացնում է. «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք. կամ սպանված են, կամ նրանց ինչ-որ տեղ թաքցնում են։ Ոչ մի միջազգային մեխանիզմ չկա, [որը կօգներ պարզել ճշմարտությունը]։ Կա միայն Կարմիր խաչը, բայց նրա աշխատանքը կոնֆիդենցիալ է, եւ նրանք բոլոր տեղերը, որտեղ կարող էին պահել այդ մարդկանց, ստուգելու հնարավորություն չունեն»։

Իրավաբան, ՄԻԵԴ-ում գերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, որ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են այն տեսանյութերի հավաստիությունը պարզելու վրա, որտեղ երեւում են հայ ռազմագերիներին բռնելու կադրերը։ Այդ տեսանյութերը, որոնք դրվել են ցանցում, թույլ են տալիս անուն առ անուն նշել եւս 80 մարդու (բացի 33-ից, որոնք նշում է Ադրբեջանը), որոնք  գերի են վերցվել Ղարաբաղում։

44-օրյա պատերազմի ավարտի պահից Ադրբեջանը  Հայաստանին է վերադարձրել 173 ռազմագերի։

...Ադրբեջանը  հայ ռազմագերիներին ռազմագերիներ չի համարում՝ իբր, քանի որ նրանք բռնվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել են  եռակողմ հայտարարությունը, որը դադարեցրել է մարտական գործողությունները, նշանակում է՝ չկան նրանց գերիներ համարելու հիմքեր։ «Բաքուն քրեական գործեր է հարուցում՝ ձեւացնելով, թե հակամարտությունն իբր ավարտվել է։ Բայց հակամարտությունը շարունակվում է։ Կրակում են գրեթե ամեն օր. այդ ամենը շարունակվում է, դա է նաեւ Միջազգային Կարմիր խաչի դիրքորոշումը։ Հետեւաբար, այդ բոլոր մարդիկ ռազմագերիներ են ըստ միջազգային հումանիտար իրավունքի, այլ ոչ թե հանցագործներ»,- ասում է Արման Թաթոյանը։ Բաքվում համարում են, որ վերջին հակամարտության ակտիվ փուլն ավարտվել է, ինչպես նաեւ վկայակոչում են այն, որ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Հենց այդպես է Ադրբեջանը բացատրում հայ ռազմագերիների դատավարությունները։ Կառավարամետ հայտնի haqqin.az կայքն նրանց ուղիղ «ահաբեկիչներ» է անվանում։ Եվ անգամ Bizim Yol ընդդիմադիր թերթն է գրում, որ նրանց գերիներ չի համարում, քանի որ զինվորականներից «ոմանք» բռնվել են ադրբեջանական տարածքում արդեն 2020թ. նոյեմբերի 9-10-ի պայմանավորվածությունների ստորագրումից հետո։

Ադրբեջանցի իրավապաշտպանների խոսքով՝ զինծառայողների դատավարությունները տեղի են ունեցել իրավաբանական նորմերի խախտումներով։ «Դատավարություններն ընթացել են ոտքի վրա, արագ, չխորանալով գործի մեջ, քանի որ բոլորը հասկանում էին, որ պետք է տալ ինչ-որ [բանտային] ժամկետ, ընդ որում՝ մանրամասների մեջ չէին խորանում, չէ՞ որ այդ մարդիկ վաղը լինելու են փոխանակման եւ առեւտրի առարկա հայկական կամ ամերիկյան, կամ անգամ սիրիական կողմից, քանի որ այնտեղ Սիրիայի երկու քաղաքացի կա»,- ասում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը։ Իսկ սոցցանցերում, երբ խոսքը վերաբերում է ռազմագերիներին, ադրբեջանցի մեկնաբաններն օգտագործում են երկու ստանդարտ բանավիճային հնարք՝ կամ պնդում են, որ ռազմագերիների հետ կապված պատմությունը «կեղծիք» է, կամ փոխում են թեման՝ խոսելով օկուպացիայի եւ հայերի կողմից ադրբեջանական քաղաքների ավերման ու Խոջալուի ողբերգության մասին։ Սակայն մասնավոր զրույցներում բաքվեցիները հաճախ ասում են. «Լավ կլիներ, որ նրանց բոլորին բաց թողնեին։ Եվ առհասարակ, հերիք է կռվենք»։ Վերջին ամիսներին Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասում գերիների մասին։ Միայն բեմադրություն են անվանում անցած տարվա սեպտեմբերին գերի վերցված հայերի կտտանքների եւ սպանությունների մասին տեսանյութերը։

Փորձագետները կարծում են, որ գերի զինվորներն առեւտրի առարկա են Ադրբեջանի համար։ Սկզբում Բաքվում ասում էին, որ ռազմագերիներին չեն հանձնում Հայաստանին, որովհետեւ Երեւանն իբր չի կատարում եռակողմ համաձայնագրի պայմանները. խոսքն ականապատ դաշտերի քարտեզները Հայաստանի կողմից հանձնելու խոստումների մասին է։ Հայաստանն, այնուամենայնիվ, հանձնեց քարտեզները, բայց դրանք բոլորը չէ, որ արտացոլում էին իսկական իրավիճակը ականապատ տարածքների հետ կապված, որոնք Ադրբեջանը վերադարձրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմով։ Իրավապաշտպան եւ Ղարաբաղյան հակամարտության պատմության մասնագետ Արիֆ Յունուսի խոսքով՝ հայ զինվորները, շտապ նահանջելով 44-օրյա պատերազմի ժամանակ, պարզապես չեն հասցրել ամրագրել ականների դիրքը, որոնք նրանք տեղադրել են։ «Գերիները հարկավոր են [քաղաքական] ժեստերի համար, օրինակ, երբ տարածաշրջան էր եկել ԱՄՆ պետքարտուղարը, [Ադրբեջանի] մեր [իշխանությունները] ժեստ արեցին, տվեցին 15 մարդու»,- ասում է փորձագետը՝ նշելով, որ քարտեզները միայն պատրվակ էին։- «Այն ժամանակ Ադրբեջանը որոշել էր [բարի կամքի] ժեստ ցուցադրել ամերիկացիների համար, առանց որեւէ քարտեզի»։ Նրա խոսքով՝ հայ զինվորականներին Ադրբեջանը կարող է պահել նաեւ իր դիրքերը Հայաստանի հետ բանակցություններում ուժեղացնելու համար։ Դրանով է, ըստ նրա, բացատրվում, թե ինչու Ադրբեջանն այդքան երկար ոչ մեկին չի վերադարձնում. բանակցային գործընթացում առայժմ լռություն է։ Նման կարծիքի է Ղարաբաղյան հակամարտության ոլորտի փորձագետ, ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաեւը։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական իշխանություններն «օգտագործում են գերիներին բանակցություններում՝ որպես լրացուցիչ փաստարկ, որպեսզի ինչ-որ զիջումներ ստանան Երեւանից»։

...Նույն դեկտեմբերին մարդիկ, որոնք իրենց ադրբեջանցի բնապահպաններ են անվանում, փակեցին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող գլխավոր ճանապարհը՝ դրանով իսկ փաստորեն սկսելով հայաբնակ շրջանների շրջափակումը։

...Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը  ճնշման ավելի շատ լծակներ ունի, որոնք կարող է օգտագործել իրեն շահեկան խաղաղության համաձայնագրի պայմաններին հասնելու համար։ Այդ թվում ճնշման լծակ են դարձել նաեւ ռազմագերիները։ «Այդ մարդկանց գերության մեջ պահելը բացասաբար է ազդում խաղաղության գործընթացի վրա, եւ եթե Ադրբեջանն ազատեր նրանց, ապա դա հօգուտ խաղաղության լավ ժեստ կլիներ,- կարծում է Ղարաբաղյան հակամարտության բրիտանացի մասնագետ Լոուրենս Բրոերսը։- Այն, որ զինվորականները գերության մեջ են, վատ է ազդում Ադրբեջանի վրա, չի ուժեղացնում նրա դիրքերը խաղաղության համաձայնագրի հարցում եւ, ըստ երեւույթին, դա մարդկանց վերածում է առեւտրի առարկայի եւ վնասում է ադրբեջանական դիրքերին առաջին հերթին հայ հասարակության աչքում»։

Չնայած Ադրբեջանը շահել է այս պատերազմը, միջազգային ասպարեզում երկրին անվստահությամբ են վերաբերվում. այդ թվում մշտական թեժացումների պատճառով։ Յունուսը նշում է, որ արեւմտյան առաջնորդներն ավելի հաճախ պատրաստ են հանդիպել Հայաստանի վարչապետի, քան նախագահ Ալիեւի հետ, ինչը չի կարող չզայրացնել Բաքվին։ Օրինակ, ԱՄՆ-ը Փաշինյանին հրավիրել է «Հանուն դեմոկրատիայի գագաթաժողովին», Երեւան են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ այդ պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Վերջին երկու այցերն առաջ են բերել քննադատության բռնկում ադրբեջանական մամուլում, որը նաեւ Բայդենի եւ Ալիեւի հանդիպման հույս ուներ։ Բայց դրա փոխարեն ե՛ւ Փելոսին, ե՛ւ արեւմտյան դեմոկրատիայի ու միջազգային ինստիտուտների մյուս ղեկավարները կշտամբում են Ադրբեջանին՝ հասկանալ տալով. հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներից մեկն է։ Ղարաբաղում պատերազմի հետ կապված՝ ամենավերջին իրադարձություններից է նաեւ Հայաստանի հետ արցախահայերին կապող միակ ճանապարհի փակումը եւ հայ գերիների սպանություններն անցած տարվա սեպտեմբերի թեժացման ժամանակ։

...Ադրբեջանն առանձնապես չի էլ թաքցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ հայրենիք թողնել ռազմագերիներին։ Դեռեւս մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ Սամեդ Սեիդովը, որը գլխավորում էր երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ասել է. «Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչներին» վերադարձնելու հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սակայն պայմանագրի ստորագրումը «դեմ է առնում» տեղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին, որոնք զգուշանում են իրենց անվտանգության համար՝ Ադրբեջանում իշխանությունների կողմից աջակցվող հայատյացության համատեքստում։ Անցած ամիս Փաշինյանն Ադրբեջան է ուղարկել պայմանագրի իր նախագիծը, որն առաջարկում է ստեղծել միջազգային կառույց, որը կպաշտպանի Ղարաբաղի բնակիչների իրավունքները, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ում դա համարում են միջամտություն երկրի ներքին գործերին՝ վկայակոչելով այն, որ Ղարաբաղի հայերին կպաշտպանի Ադրբեջանի սահմանադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ