News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացած զորահանդեսում ցուցադրված «9 K 72» կամ ՍԿԱՏ տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրները լուրջ ազդեցություն կարող են թողնել տարածաշրջանային անվտանգության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«ՍԿԱՏ զորատեսակները արդիականացվել են Հայաստանում, իսկ դա բավական ավելացնում է դրանց մարտական հնարավորությունները: ՍԿԱՏ համալիրները երկար պատմություն ունեն, դեռ 60-70-ականներից, բայց Հայաստանում արդիականացվել են ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներով, եւ դատելով նրանից, որ առնվազն 300 կմ կրակի հնարավորություն ունեն, դա լուրջ ազդեցություն կարող է թողնել տարածաշրջանային անվտանգության վրա»,- նշել է փորձագետը:

Վերջինս նաեւ ընդգծել է, որ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել են ՏՈՉԿԱ-ՈՒ հրթիռները, որոնք ունեն բավական բարձր հնարավորություններ խոցելու թշնամու կետերը: «Հայտարարվեց նաեւ, որ զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային համալիրներ, ինչպես «ՍՄԵՐՉ» եւ «ՈՒՐԱԳԱՆ» համալիրները: Այդ առումով դա եւս լրջորեն կազդի տարածաշրջանի վրա: Հայաստանում լուրջ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, սա եւս լուրջ ազդակ է, քանի որ թույլ է տալիս հրթիռներին ճշգրիտ խոցել թշնամու կետերը թշնամու տարածքի խորքում»,- նշել է քաղաքագետը:

Վերջինիս խոսքով, ադրբեջանական կողմը զգուշորեն է արձագանքում զորահանդեսին եւ ցուցադրված զորատեսկաներին: «Երկար ժամանակ իրենց արգումենտն այն էր, որ դիստանցիոն պատերազմ կվարեն Հայաստանի դեմ, քանի որ իրենց սպառազինությունն ավելի լավն է, իսկ ՏՈՉԿԱ եւ ՍԿԱՏ համալիրները վերականգնում են հավասարակաշռությունը»,- ամփոփեց փորձագետը:

Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը: Հանրապետության հրապարակով անցել են Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ԱԱԾ-ի, խաղաղարար գումարտակի ստորաբաժանումները, զորախմբեր Լեռնային Ղարաբաղից եւ ՌԴ 102-րդ ռազմակայանից:

Կենտրոնական հրապարակով անցել են տանկային, մոտոհրաձգային եւ զրահատանկային զորամասերը, ցուցադրվել են ՇՈՒՄԻՑ եւ 2ԿԱ-Ա-02 համակարգերը, նաեւ զորահանդեսի անակնկալը` հայրենական ռազմարդյունաբերական համալիրի անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:

Զորահանդեսի հանդիսատեսներին ցուցադրվել են 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, «Կոնկուրս» համալիրները, ՏԵ-12 թնդանոթները, համազարկային հրանոթները, Դ-30, Դ-20 и 2Ա36 թնդանոթները, ՄՄ-21 համալիրները, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, «ՏՈՉԿԱ» եւ «9 Կա 72»` ՍԿԱՏ համալիրները, ՕՍԱ-ԱԿԱ համալիրները, С-125 համալիրները, «ԿՐՈՒԳ» զենիթա-հրթիռային ստորաբաժանումները, նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ «9 Կա 72» կամ ՍԿԱՏ տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրները, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել եւ համալրվել են գերժամանակակից էլեկտրոնային միջոցներով, կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչեւ 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ