Աթենքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ կոշտ բախումներ են տեղի ունեցել, գրում է Avgi թերթը:
Մարդիկ դուրս են եկել ի նշան «Տեմպիում տեղի ունեցած ողբերգության պատասխանատուների մասին տեղեկատվությունը թաքցնելու կառավարության փորձի դեմ» բողոքի, նշում է պարբերականը։
Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել, ոմանց ձեռքին դրոշներ ու պաստառներ են եղել։ Ինչ-որ պահի ուժայինները սկսել են ցրել ցուցարարներին։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ։
Մինչ ցուցարարներին ցրելը վերջիններս, իբր, սկսել են այրվող հեղուկով շշեր նետել։ Avgi-ի պնդմամբ՝ դա խաղաղ ցույց է եղել։
Հունաստանում երկաթուղային աղետից հետո արդեն մի քանի նման ակցիաներ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին բեռնատար եւ ուղեւորատար գնացքները բախվել էին Տեմպիում։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել, ռելսերից դուրս են եկել երեք վագոններ։ Զոհվել է 57 մարդ։