News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։ Այս մասին գրում է  «Հետք»-ը:

«Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Բացի այդ, «Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։

Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տունը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Վերջինս նախորդ տարի` 2022 թ․-ին, տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։

Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։

Մոնումենտի առանձնատների վերաբերյալ նախ 2018 թ․-ին էր քրեական գործ հարուցվել, որի հիմքում «Հետք»-ի՝ «Ընտրյալների թաղամասը» վերնագրով հետաքննությունն էր։ Հետո արդեն Աբրահամյանների՝ իրեղեն ապացույց ճանաչված առանձնատունը, քննիչի որոշմամբ թույլատրվել է վաճառել։ Այդ դեպքով ևս քրեական գործ հարուցվեց, որը, ըստ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ԱԱԾ-ի վարույթում էր։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ո՞ր փուլում է այդ գործի նախաքննությունը, և խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է հնարավոր եղել ևս մեկ քրեական գործի պայմաններում կրկին նույն անշարժ գույքի վերաբերյալ պետական նոր գրանցում իրականացնել (պայմանագրում կատարված փոփոխությունը հաստատվել է Կադաստրի կոմիտեում և պետական նոր գրանցում է կատարվել)։

Դատախազության՝ ԱԱԾ–ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․ Անտոնյանը գրավոր տեղեկացրել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը:

Դատախազ Անտոնյանը միաժամանակ հայտնել է․ «2022 թվականի մարտի 30-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/6 բնակելի տուն հասցեի հողամասը իրեղեն ապացույց ճանաչելու մասին, որը նույն օրը հանձնվել է տան սեփականատեր Լիլիթ Ռազմիկի Պետրոսյանի պատասխանատու պահպանությանը, ով պարտավորվել է պահպանել վերոհիշյալ անշարժ գույքը և այն չօտարել մինչև քրեական գործի քննության ավարտը։

2022 թ․-ի մարտի 31-ին վարույթն իրականացնող մարմինը գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին, որով խնդրել է Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ գործարքներ կատարելու մասին դիմում ստանալու դեպքում, մինչև գործարք կատարելը դրա մասին անհապաղ հայտնել վարույթն իրականացնող մարմնին»։

Փաստն այն է, որ գործարքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, եւ այն ստացել է պետական գրանցում։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Դատախազությունն այս առանձնատան դեպքում փորձելու բռնագանձման պահանջ ներկայացնել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման շրջանակում։ Կարելի է ենթադրել, որ ձևական այս գործարքով Նարեկ Նալբանդյանի կինը բարեխիղճ ձեռք բերող է հանդես գալու՝ խոչընդոտ հանդիսանալով հիշյալ առանձնատունը հօգուտ Հայաստանի բռնագանձելու գործում։

Տպել
Ամենաշատ