Հայաստանի անկախության 20-ամյակի օրը` սեպտեմբերի 21-ին, երբ Երեւանի փողոցները լի էին տոնը նշող քաղաքացիներով, ծննդատների մոտ նույնպես բազմամարդ էր: NEWS.am-ի թղթակիցը շրջել է մի շարք ծննդատներով եւ ականատես եղել սպասող հայրիկների, տատիկների-պապիկների եւ բարեկամների: Անկախության օրը կրկնակի տոն է այն ընտանիքներում, որտեղ այդ օրը երեխա է ծնվել:
Քաղաքացի Վահե Կարապետյանը այսօրվա երջանիկ ծնողներից է, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության 20-ամյակի օրը, նա նորից է հայրացել եւ այս անգամ որդի է ունեցել, որին պապիկի անունով Աշոտ են անվանելու: Վահեի երջանկությանը չափ ու սահման չկար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ եթե երեխան այսօր չծնվեր, աղջիկ էր լինելու, իսկ այսօր ամբողջ հայ ազգն է ուրախանում իր տղա երեխայի ծննդի կապակցությամբ: Նոնան եւս այսօրվա երջանիկ բարեկամներից էր, նրա քեռու ընտանիքում եւս տղա է ծնվել: Նոնայի խոսքով` սպասում էին, որ երեխան այսօր կծնվի, «հայկական բանակը եւս մեկ զինվորով ավելացավ»: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակիցն երկար սպասեցնելուց հետո, այնուհանդերձ, հրաժարվեցին հայտնել, թե սեպտեմբերի 21-ին քանի երեխա է ծնվել` պատճառաբանելով, որ իրենք այդպիսի տվյալ չեն կարող ասել, առավոտյան կհաղորդեն քաղաքապետարան, այնտեղից էլ կիմանանք:
Ըստ երեւույթին` այս հիվանդանոցում ծնունդների քանակը անհասկանալիորեն դասվում է «բժշկական գաղտնիքների» շարքում: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում NEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 21-ին ծնվել է 12 երեխա, որոնցից 7-ը տղա, իսկ 5-ը աղջիկ, ըստ որում` եւս 4-5 հղիներ էլ ամեն րոպե սպասում էին ծննդաբերելուն: Նվարդը սեպտեմբերի 21-ը մինչեւ ուշ գիշեր, հավանաբար, անց է կացնելու «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ամեն րոպե նա սպասում է տատիկ դառնալուն: Առաջին անգամ տատիկ է դառնալու եւ տղա թոռնիկ է ունենալու, ում պապիկի անունով Հովհաննես են անվանելու: Տատիկը շատ երջանիկ է եւ հուզված, կարծում է, որ Աստծո նախախնամություն է, որ իրենց ընտանիքը սեպտեմբերի 21-ին տղա զավակ է ունենալու: «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» (հանրապետական ծննդատուն) հանրապետական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը Հայաստանի անկախության օրը նշում է հիվանդանոցում` ծնունդներ ընդունելով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ սեպռտեմբերի 21-ին այդտեղ ծնվել է 15 երեխա, որից 9-ը` տղա, իսկ 6-ը` աղջիկ, եւս 2 հղիներ դեռ պետք է ծննդաբերեն:
ՀԳ. Ծննդատներում սպասող հարազատները NEWS.am-ի թղթակցից հետաքրքրվում էին, թե արդյոք մենք տեղյհակ ենք` պետությունը կամ ինչ-որ մեկը սեպտեմբերի 21-ին ծնված երեխաներին նվերներ կամ ինչ-որ բան կտա:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

















