News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հինգշաբթի դարձավ ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին ղեկավարը, որը կործանիչներ խոստացավ Կիեւին։

Դուդան հայտարարեց, որ չորս ՄիԳ-29 կործանիչներ կհանձնվեն Ուկրաինային առաջիկա օրերին, մյուսները, նրա խոսքով, տեխնիկական սպասարկում են անցնում եւ, հավանաբար, կփոխանցվեն հաջորդաբար։ Չորս կործանիչները կարող են համեստ թվալ, բայց դա կոթողային քայլ է, նշել է СNN-ը։

«Արդյո՞ք սա կփոխի իրավիճակը։ Քաղաքական մակարդակով, անշուշտ, կարող է։ Նման աջակցությունը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, որի արդյունքում ավելի շատ եվրոպական երկրներ կսկսեն կործանիչներ մատակարարել Ուկրաինա։

Լեհաստանի խոստումից մեկ օր հետո Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը հայտարարեց, որ իր կառավարությունը 13 ՄիԳ կործանիչ կուղարկի Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար։ Միանգամայն հավանական է, որ եվրոպական երկրները կհետեւեն այս օրինակին եւ իրենց խորհրդային արտադրության ՄիԳ-երը «կազատեն» սեփական ՌՕՈւ-ից։

Հենց այսպես է վարվում Լեհաստանը։ Անցած տարի երկիրը Հարավային Կորեայի հետ ստորագրել է 14,5 մլրդ դոլարի պատմական պաշտպանական պայմանագիր, որը ներառում է 48 FA-50 ինքնաթիռների ձեռքբերում, ինչպես նաեւ համալրել է F-35 Lighting II ամերիկկյան սթելս-կործանիչների իր լրակազմը։ Եվս մեկ գործնական առավելություն է այն, որ քանի որ եվրոպական շատ երկրներ ունեն ՄիԳ-29 ինքնաթիռներ, դրանց պահեստամասերը հասանելի են ուկրաինական ինքնաթիռների նորոգման եւ պասարկման համար»,- նշել է հեռուստաալիքը։

Հայտնի պատճառներով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ստույգ կազմը, որոնք, ամենայն հավանականությամբ, մոտ մեկ տասներորդով քիչ են ռուսականից, գաղտնի է մնում։

«Ուկրաինան ժառանգել է տասնյակ խորհրդային ՄիԳ-29 ինքնաթիռներ 1991թ. Խորհրդային փլուզումից հետո։ Բայց Ղրիմի անեքսիայից հետո նրա զինանոցը նոսրացել է։

ՄիԳ-29-ները անալոգային ինքնաթիռներ են, որոնք օգտագործում են թռիչքի հին տեխնոլոգիան։ Զելենսկու պահանջած F-16-ները թվային են։ ՄիԳ-երը կարելի է օգտագործել կարճ մարտական թռիչքների համար, դրանք կարող են կիրառել զենք եւ խփել լավ մանեւրայնությամբ ռուսական ինքնաթիռներ փոքր հեռավորությունից։ Բայց F-16-ները կարող են ավելի երկար թռչել, դրանք ավելի ունիվերսալ են, ունեն սպառազինության ինտեգրված համակարգեր եւ զգալիորեն ավելի լավ հեռահար եւ ռադիոլոկացիոն հնարավորություններ, ինչն ապահովում է ավելի լավ վաղ նախազգուշացման հնարավորությունը»,- տեղեկացրել է СNN-ը։

Վերլուծաբան, Լոնդոնի Միավորված զինված ուժերի Թագավորական ինստիտուտի (RUSI)  գիտաշխատող Ալեքս Ուոլմսլին օգտագործել է «1990-ականների նոութբուքի համեմատությունը նորագույն MacBook-ի հետ։ Կամ՝ Ford Escort-ի եւ Porsche-ի համեմատությունը։ Ըստ էության, դրանք նույն բանն են անում՝ թռչում են եւ հրթիռներ արձակում, բայց ՄիԳ-երն այդքան էլ հզոր չեն»։

ԱՄՆ-ն մինչ այժմ ընդդիմանում էր Ուկրաինային F-16-ներ տրամադրելու կոչերին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից խուսափելու, ինչպես նաեւ պրակտիկ չլինելու հիմնավորմամբ։ Հակամարտության աղետալի զարգացումից խուսափելու մասին հիշել են այս շաբաթ՝ այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռը Սեւ ծովում 32 մլն դոլար արժողությամբ ամերիկյան Reaper անօդաչու խփեց՝ ռուսական եւ ամերիկյան ինքնաթիռների ուղիղ շփման առաջին դեպքը պատերազմն սկսվելուց ի վեր։

Այնուամենայնիվ, դիմադրությունից մատակարարումների անցում կատարվել է նաեւ նախկինում. ԱՄՆ-ն համաձայնեց Ուկրաինա մատակարարել M1 Abrams տանկեր այն բանից հետո, երբ Գերմանիան փոխեց Leopard II տանկերի հետ կապված քաղաքականությունը։

Բայց պրակտիկ չլինելու փաստարկը պարզապես քաղաքական մի ինչ-որ հնարք չէ։ Ուկրաինական ՌՕՈւ-ն արդեն շահագործում է ՄիԳ կործանիչներ, ուստի կկարողանա դրանք օգտագործել ստանալուց անմիջապես հետո, այն դեպքում, երբ ՄիԳ-29 օդաչուի ուսուցանման վրա F-16-ի համար՝ ամիսներ կանցնեն։ Էլ չենք ասում այն մասին, որ ուկրաինացի օդաչուները դեֆիցիտ են։

Պահեստի գեներալ-լեյտենանտ Մարկ Հերթլինգը նշել է, որ այն դեպքում, երբ ուկրաինացիները շատ լավ են հարմարվում նոր կոմպլեկտներին, ինչպիսին են հարմարավետ HIMARS-ներն ու Javelin-ները, F-16-ները «միանգամայն այլ բան են»։ Դրանք շարժչի տարբեր մասեր ունեն, կրակի կառավարման կառուցվածքն ու համակարգերը կրակ վարելու եւ ռումբեր նետելու համար տարբեր են։

«Շատերն են ցանկանում, որպեսզի Ուկրաինայում ամեն բան տեղի ունենա հենց հիմա,- ասում է Հերթլինգը,- բայց առանց խաղաղ ժամանակներում բազմամյա պատրաստության եւ առանց սպասարկման ու նորոգման կարգավորման՝ դուք պարզապես չեք ստանա այն արդյունքները, որոնց մասին մտածում եք»։

Խոստացված առաջին կործանիչները կբարձրացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության մակարդակը, բայց որեւէ կերպ չեն փոխի իրավիճակն ու չեն ապահովի Ուկրաինայի գերազանցությունը հակամարտությունում, ընդգծել է հեռուստաալիքը։

F-16 RAF կործանիչի նախկին օդաչու Ուիլյամ Հիլփինը СNN-ին ասել է. «Ասացվածք կա. եթե սերնդից հետ ես մնացել, իմաստ չունի վերադառնալ։ Այժմ ուկրաինական ՌՕՈւ-ն հետ է մնում ռուսականից մի ամբողջ սերնդով։ F-16-ները այդ ուժերը մի սերունդ առաջ կմղեն»։

Ահա թե որն է դիլեման։ Ուկրաինային F-16 կործանիչներ (որոնք հսկայական ուսուցում են պահանջում ակտիվ հակամարտության թեժ փուլում) տրամադրելու նպատակահարմարությունն ակնհայտ է։ Բայց առանց դրանց՝ գերազանցության նվաճումն օդում էլ ավելի անհասանելի է դառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ