News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վեց նախարարների հետ միասին շաբաթ մեկնել է Ճապոնիա՝ փորձելու համար ամրապնդել տնտեսական կապերը Տոկիոյի հետ, քանի որ չինական հումքից Գերմանիայի կախման նվազեցումը դիտարկում է մատակարարումների գլոբալ շղթայի լարվածության համատեքստում, տեղեկացրել է Reuters-ը։

Շոլցը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան սկսել են առաջին կառավարական խորհրդակցությունները՝ երկու երկրների կառավարությունների մի քանի անդամների մասնակցությամբ, որպեսզի քննարկեն տնտեսական անվտանգության ապահովման ուղիները։

Գերմանիան նման խորհրդակցություններ անցկացնում է մի շարք երկրների հետ, ներառյալ Ֆրանսիան եւ Չինաստանը, բայց Ճապոնիայի հետ նման առաջին  խորհրդակցությունը քաղաքական մեծ եւ խորհրդանշական նշանակություն ունի, ասում են գերմանացի պաշտոնյաները։

Հանդիպման բացման ժամանակ Կիսիդան հայտարարել է «երկրների միջեւ սերտ եւ ամուր կապերի մասին, որոնք մինչ այդ նման մակարդակի չեն եղել», իսկ Շոլցը նշել է, որ անհամբերությամբ սպասում է հարցերի քննարկմանը, ներառյալ գլոբալ անվտանգության հարցը։

Հաշվի առնելով այն, որ Ճապոնիան ընդունել է օրինագիծ տնտեսական անվտանգության մասին, Բեռլինը հույս ունի իմանալ նրա հումքային ռազմավարության մասին եւ հետեւել Տոկիոյի օրինակին, թե ինչպես կրճատի կախումը ներմուծումից, այցի մասին ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

Անցած տարի Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ տնտեսական անվտանգության մասին՝ ուղղված տեխնոլոգիաների պաշտպանությանն ու կրիտիկական կարեւոր մատակարարումների շղթաների ամրապնդմանը։

Առեւտուրը Գերմանիայի եւ Չինաստանի միջեւ անցած տարի ավելացել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի. ասիական երկիրը դարձել է Գերմանիայի ամենակարեւոր առեւտրային գործընկերը յոթերորդ տարին անընդմեջ՝ չնայած չափից ավելի կախման մասին Բեռլինի քաղաքական նախազգուշացումներին։

2022թ.  երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 298 մլրդ եվրո, ինչը մոտ 21 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ, վկայում են գերմանական վիճակագրական վարչության տվյալները։

Ճապոնիան Ասիայում Գերմանիայի երկրորդ առեւտրային գործընկերն է Չինաստանից հետո, նրա հետ առեւտրի ծավալը 2022թ. կազմել է մոտ 46 մլրդ եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ