News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի՝ Լահոր քաղաքում գտնվող նստավայր եւ ձերբակալել 30 մարդու՝ շենքի տանիքից կատարված հրաձգությունից հետո, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։

Ոստիկանության ավագ սպա Սուհաիլ Սուհերան տեղեկացրել է, որ ոստիկանությունը փորձել է վերացնել Խանի «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության եւ նրա կողմնակիցների կազմակերպած շրջափակումն ու խոչընդոտները։

Նա նշել է, որ Խանի կողմնակիցները փորձել են դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը՝ քարեր եւ այրող ռումբեր նետելով, բայց ոստիկանները շարժվել են առաջ, մինչեւ որ Խանի նստավայրի տանիքից մեկը կրակ է բացել։ Ոչ ոք չի տուժել։

Սուհերան, որը ղեկավարում էր ոստիկանության գործողությունը, նշել է, որ ոստիկանները բացել են Խանի նստավայրի գլխավոր դուռը եւ հայտնաբերել դիմակներ, այրող խառնուրդով շշեր, երկաթե մահակներ եւ մտրակներ, որոնք մեկ շաբաթ օգտագործվել են ոստիկանության դեմ հարձակվելու համար։ Սուհերան ասել է, որ նստավայրի ներսում անօրինական կառույցներ կային, որտեղ կարող էին թաքնվել ոստիկանների դեմ հարձակվողները. նրանց հարձակումներից տասնյակ աշխատակիցներ են տուժել։

Ականատեսները պատմել են, որ ոստիկանությունը փորձել է ցրել Խանի կողմնակիցներին՝ արցունքաբեր գազ օգտագործելով, եւ հետապնդել է նրանց մինչեւ էլիտար Զաման պարկի շրջան։ Խանը շաբաթ օրը պետք է ներկայանար Իսլամաբադի դատարան՝ կաշառքի գործով, բայց թաքնվել է Լահորի իր տանը եւ չի ներկայացել դատավարությանը։ Երկու օր նրա կողմնակիցները քարեր են նետել ոստիկանության վրա՝ զինվելով մահակներով ու փորձելով պաշտպանել նախկին վաչապետին ձերբակալությունից։

Իսլամաբադ ուղեւորության ժամանակ Խանը տեսաուղերձում հայտարարել է, որ կառավարությունը նախատեսել է ձերբակալել իրեն՝ չնայած նա ներկայացել է լսումներին։ Նա ասել է, որ ոստիկանությունը ներխուժել է Լահորի իր նստավայր, երբ նրա կինը մենակ էր տանը։ Նա դատապարտել է այս գործողությունները եւ պահանջել, որպեսզի մեղավորները պատժվեն ըստ օրենքի։

Խանը, որն այժմ ընդդիմադիր է, անցած տարվա ապրիլին իշխանազրկվել է խորհրդարանում իրեն անվստահություն հայտնելուց հետո։ Նրան մեղադրում են պետական նվերները վաճառելու եւ ակտիվները թաքցնելու մեջ։ Սա մեկն է գործերի շարքում, որոնց կրիկետի նախկին աստղը, դառնալով իսլամիստ քաղաքական գործիչ, բախվել է իշխանազրկվելուց հետո։

70-ամյա Խանը նաեւ պնդում է, որ իշխանազրկումն իր հաջորդի՝ վարչապետ Շահբազ Շարիֆի եւ ԱՄՆ-ի դավադրության մի մասն էր։ Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Շարիֆի կառավարությունը հերքում են այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ