News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որը կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում: Այս մասին դատավորների ժողովին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, եւ իրենց ասում էի, որ ժամանակն է՝ հարված հասցնելու անիրավ դատավորներին: Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս մեր գրասենյակը ստանում էր եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ բողոքներ դատական համակարգից»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Նա ասաց, որ Հայաստանում 10 տարի առաջ աշխատում էր 230 դատավոր, որից 114-ը դուրս են եկել դատական համակարգից. «Այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել ինքնամաքրում: Հայաստանում այսօր կա 280 դատավոր, որոնցից 144-ին նշանակել են հեղափոխությունից հետո՝ 2018-ից հետո»: 

Անդրադառնալով կոռուպցիային՝ Անդրեասյանն ասաց. «Մեկ կաշառակեր դատավորը ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 Մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարները, հասարակական ու քաղաքական գործիչները: Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որ կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում»:

ԲԴԽ նախագահի խոսքով՝ եթե ժամանակին դատավորներին կարող էին մեղադրել կաշառակերության մեջ, այսօր կարող են առավելագույնը մեղադրել ուշացումների եւ ոչ գրագետ իրավական ակտերի մեջ. «Այդ պատճառով էլ ԲԴԽ-ն ուսումնասիրում է ամեն մի բողոք, որը ստանում է»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ վերջին 5 ամսում տարբեր պատճառներով 30 թափուր տեղ է առաջացել դատական համակարգում. «Եթե առաջիկա հնգամյակում օրենսդիր եւ գործադիր մարմինները, հասարակական սեկտորը, քաղաքական ուժերն ուզում են այլեւս չտեսնել ուշացումներ, ուրեմն իրենք պարտավոր են մեզ տալ 80 նոր դատավորի հաստիք եւ առնվազն 300 դատական ծառայողի հաստիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ