
Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Միլանի փողոցներ՝ բողոքելու Իտալիայի նոր աջակողմյան կառավարության գործողությունների դեմ, որոնց համաձայն սահմանափակվում են միասեռ ծնողների իրավունքները, հայտնում է CNN-ը։
Ցույցը, որը կրում էր «Ձեռքերը հեռու տարեք մեր որդիներից ու դուստրերից» խորագիրը, տեղի է ունեցել պատմական Պիացցա դելլա Սկալա (Piazza della Scala) հետիոտնային հրապարակում եւ կազմակերպվել էր ԼԳԲՏՔ+ խմբերի կողմից ամբողջ երկրում:
Բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան, ով ավելի վաղ իր Twitter-ում աջակցություն էր հայտնել միասեռ ընտանիքներին։
Ըստ կազմակերպիչների՝ ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ, մինչդեռ Միլանի քաղաքային իշխանությունները տվել են ավելի համեստ գնահատականներ՝ նշելով հարյուրավոր մարդկանց մասնակցության մասին։
2016 թվականին Իտալիան դարձել է Եվրոպայի վերջին երկիրը, որը օրինականացրել է միասեռական միությունները, սակայն այն դեռեւս չի ճանաչում որդեգրումը կամ փոխնակ մայրությունը, ինչը իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ պայմանավորված է կաթոլիկ եկեղեցու հակազդեցությամբ:
Երկրի կառավարությունը՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, մեծ ուշադրություն է դարձնում ավանդական ընտանեկան արժեքներին:
Միասեռ ծնողները, ովքեր ցանկանում են գրանցել իրենց փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաներին արտասահմանում, հաճախ ստիպված են լինում պարզապես մուտքագրել ծնողներից մեկի անունը ծննդյան պաշտոնական փաստաթղթերում կամ դիմել ընտանեկան դատարան:
Մի քանի քաղաքներ, ներառյալ մայրաքաղաք Հռոմը եւ Միլանը, ընդունել են ծննդյան գրանցման ծնող 1/ծնող 2 կանոնները, այլ ոչ թե ավանդական մայր/հայր անվանումները, սակայն անցյալ շաբաթ ՆԳՆ-ն Միլան քաղաքին հրամայել է դադարեցնել այն:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այլ քաղաքներին նույնպես կհրամայի՝ դադարեցնել պրակտիկան:
Անցյալ շաբաթ Իտալիայի Սենատը դեմ է քվեարկել Եվրոպական հանձնաժողովի կողմից միասեռ ծնողների ճանաչումը պարտադիր դարձնելու միջոցին: