News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրացավ 100-րդ օրը, որ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, արդեն 100 օր սպասում են ճանապարհի բացմանը:

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 182 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Այդ ընթացքում Ադրբեջանը բազմիցս արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը որոշում է կայացրել՝ պարտադրելով Ադրբեջանին բացել Լաչինի ճանապարհը, սակն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ որոշումը:

Այս առնչությամբ Արցախի ԱԺ նախգահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:

Անկոտրում է արցախցու կամքը: Կա, արդյո̉ք, ապաշրջափակման տարբերակ: Կարծում եմ՝ այո: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:

Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ»:

Խնդրին անդրադարձել է նաեւ Գերագույն Հոգևոր Խորհուրդը, որը Բերձորի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:

Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ: Ողջունում ենք Եվրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:

Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է:

Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը:

Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»,-ասված է հայտարարության մեջ:

Իր հերթին Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը նշել է. «Արցախը շրջափակման մեջ է 100 օր։ Չնայած, մեծ հաշվով, Արցախը շրջափակման մեջ է մի քանի տասնամյակ, դիվանագիտական, քաղաքական, բարոյական շրջափակման մեջ։ Բայց մենք կդիմանանք, անպայման։ Ադրբեջանն այժմ բոլորովին հաշվի չի նստում բարոյականության, միջազգային իրավունքի նորմերի հետ, պարզապես ցինիկ քաղաքականություն է վարում, եւ դրա հերթական հաստատումն է վայ-բնապահպանի արտահայտությունը, որն ի լուր ողջ աշխարհի հայտարարել է պաշտոնական Բաքվի քաղաքականությունն այն մասին, որ «մեզ քեբաբ են դարձնելու»։

Մի կողմից՝ 100 օրը մեծ ժամկետ չէ, մյուս կողմից՝ յուրաքանչյուր րոպեն հավերժություն է։ Բայց մենք պարտավոր ենք դիմանալ, որովհետեւ հարցն այստեղ մեր ապագան է, այն, թե արժանի կլինենք արդյոք ժողովուրդ, հայեր եւ պարզապես մարդիկ կոչվելու։ Ցանկացած փորձություն, որը տրվում է ոչ միայն մարդուն, այլեւ ժողովրդին, Աստված է տալիս, որպեսզի այն հաղթահարվի։ Մենք պարտավոր ենք հաղթահարել, որովհետեւ սա մեզանից յուրաքանչյուրի եւ ընդհանրապես ժողովրդի առաքելությունն է։

Ափսոս, որ միջազգային հանրությունն անտարբեր է Արցախի տառապանքի հանդեպ։ Բայց դա չի նշանակում, թե վիրուսը, եթե հիմա այն չկանգնեցվի, այլ տեղեր չի սողոսկի։ Մենք շրջափակման մեջ ենք, բայց մենք նահանջելու տեղ չունենք»:

Արցախի շրջափակման կպակցությամբ զեկուցյ է հրապարակել Արցախի ՄԻՊ-ը՝ Գեղամ Ստեփանյանը: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ:

 Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։

Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝

  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով (245,000-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք).
  • Ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (92,000-ի փոխարեն՝ 2,154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).
  • Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (40,000 տոննայի փոխարեն՝ 3,707 տոննա).
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.
  • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.
  • Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.
  • Արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը հանգեցրել է վեցժամյա հովհարային և վթարային անջատումների.
  • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է.
  • Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 6,200 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում.
  • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով շուրջ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը.
  • Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները.
  • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց, 60000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15000 տեղահանված անձ.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ