News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Դավիթ Գյուրջինյանը դատարանում իր կողմից ներկայացված հայցով եւ՛ հայցվորն է, եւ՛ պատասխանողը, ինչն աննախադեպ երեւույթ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Սարդարյանը:

Նշենք, որ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքում պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանը հայց է ներկայացրել Բրյուսովի համալսարանի դեմ՝ դատարանին խնդրելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները:

«Պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության՝ ձեւավորել է 3 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ՝ առանց համալսարանի ներգրավվածությունն ապահովելու, ինչը կարելի է անել միայն ծայրահեղ դեպքերում: Սակայն չունենալով ծայրահեղ դեպք, որոշվում է 3 հոգանոց խորհուրդ ձեւավորել, որի ղեկավար է ընտրվում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, եւ որոշում են, որ Բրյուսովի ռեկտորի պաշտոնակատար պետք է լինի Դավիթ Գյուրջինյանը: Պարտված թեկնածուն, որը նախկինում բողոքարկել էր ռեկտորի ընտրությունների արդյունքները, ստացվում է, որ այժմ իր հայցով դատարանում եւ՛ հայցվոր է, եւ՛ պատասխանող: Սա աննախադեպ երեւույթ է»,- նշեց Սարդարյանը:

Նա ասաց, որ դատական նիստերին արդեն 2 ամսից ավելի է միջնորդություն են ներկայացրել, որ որպես երրորդ անձ ներգրավվի համալսարանի նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը, սակայն դատարանը մինչեւ օրս այդ միջնորդությունը չի քննարկել. «Մենք ցանկանում ենք, որ Հարությունյանը պրոցեսի մասնակից լինի ու կարողանա անձամբ իր դիրքորոշումը հայտնել, սակայն մինչեւ օրս այդ միջնորդությունը չի քննարկվել»:

Արսեն Սարդարյանն ասաց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել խորհրդի որոշումը՝ 2 հիմքով. «Առաջինը, որ ժամակավոր պաշտոնակատար նշանակելու գործընթաց Բրյուսովի համալսարանի կանոնադրությամբ նախատեսված չէ, այսինքն՝ բավարար հիմք չունեն պաշտոնակատար նշանակելու համար, եւ երկրորդ հիմքն այն է, որ այդ կառույցն իր նշանակմամբ ըստ էության ստեղծել է արդարադատության իրականացման համար իրական խոչընդոտ»:

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. այն ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Լեզվի կոմիտեի արդեն նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին: Ռեկտորի ընտրությունը չի հաստատվել, քանի որ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են։

Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել էր բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ուներ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթեւոսյանը։

Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչին դեմ են ուսանողների եւ դասախոսների մեծ մասը։

Տպել
Ամենաշատ