News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դատարանի որոշմամբ տուգանվել է 200 000 դրամի չափով՝ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին հրապարակում անելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումի մեջ նշվում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հաղորդագրություն, որով տեղեկություններ է հրապարակել դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ՝ տեղադրելով նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 17.09.2021 թվականի թիվ 70-Ա որոշման առաջին էջը:

Հրապարակված հաղորդագրությամբ նշվել է, որ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած հաղորդման ուսումնասիրության վրա Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ստորագրել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը:

2021 թվականի նոյեմբերին, Դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով  Ստյոպա Սաֆարյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.17-րդ հոդվածի (դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը) հիմքով։

Վարչական դատարանը՝ նախագահությամբ Գրիգոր Առաքելյանի՝ 2022 թվականի նոյեմբերին որոշել է Խաչիկ Ղազարյանի հայցը բավարարել եւ Ստյոպա Սաֆարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.17-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ 200.000 (երկու հարյուր հազար) դրամի չափով տուգանքի:

Դատական ակտը 2022 թվականի դեկտեմբերին մտել է օրինական ուժի մեջ։

Տպել
Ամենաշատ