News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էսնայի տաճարը, որը հայտնի է նաեւ որպես Խնումի տաճար, գտնվում է Եգիպտոսի Էսնա քաղաքում՝ սկսած հռոմեական ժամանակներից։ Տաճարը ներկայումս վերականգնվում է Տյուբինգենի համալսարանի եգիպտացի եւ գերմանացի հնագետների խմբի կողմից, հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը:

Տաճարի շինարարությունը սկսվել է մ.թ.ա 186 թվականին եւ ավարտվել մոտ 250 թվականին։ Կառույցից մնացել է միայն 24 սյուներով մեծ դահլիճ։

Էսնայի տաճարը նվիրված է եղել հին եգիպտական աստված Խնումին, որն, ըստ հին եգիպտացիների համոզմունքների, մարդկանց ստեղծել է բրուտի անիվի վրա, գրում է Lonely Planet-ը։

Տաճարի բոլոր հասանելի մակերեսները՝ սյուների հիմքից մինչեւ 50 ոտնաչափ բարձրության վրա գտնվող առաստաղը, ծածկված են արձանագրություններով, փորագրություններով եւ նկարներով:

Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ հնագետները 1800 տարվա վաղեմության տաճարի առաստաղին հայտնաբերել են կենդանակերպի 12 նշանների ամբողջական շարք:

Հազվագյուտ աստղագիտական նկարներն արվել են կապտավուն ֆոնի վրա:

Երկու կարմիր ֆիգուրները, որոնք հայելու նման արտացոլում են միմյանց եւ ձեռք ձեռքի բռնած են, ներկայացնում են Երկվորյակի նշանը: Սպիտակ աստղերով շրջապատված դեղին կարիճը ներկայացնում է Կարիճի նշանը, իսկ երկդեմ կենտավրանման արարածը՝ աղեղով եւ նետով՝ Աղեղնավորին:

Վերականգնման ընթացքում հայտնաբերվել են նաեւ Յուպիտերի, Սատուրնի եւ Մարսի, եգիպտական աստվածությունների, օձերի, կոկորդիլոսների, անսովոր բարդ արարածների եւ համաստեղությունների պատկերներ, որոնք հին եգիպտացիներն օգտագործել են ժամանակը չափելու համար:

Տաճարի խճճված նախշերը «կոպիտ փորագրված են, մանրամասները միայն ներկի միջոցով են արվել»,- ասում է եգիպտագետ Քրիստիան Լեյցը Տյուբինգենի համալսարանից: Մանրամասները կրկին տեսանելի են դարձել միայն վերականգնողական աշխատանքների շնորհիվ։

Տաճարի վերականգնումը սկսվել է 2018 թվականին եւ դեռ շարունակվում է, ասվում է Եգիպտոսի իշխանությունների հաղորդագրության մեջ։

Տաճարի կողքին հնագետները հայտնաբերել են նաեւ հռոմեական բաղնիքի 1400 տարվա ավերակներ՝ լոգարաններով, խրճիթի մի մաս եւ պահեստ, որը հավանաբար օգտագործվել է զենք պահելու եւ պահակների համար։

Էսնան գտնվում է Կահիրեից մոտ 420 մղոն (մոտ 676 կմ) հարավ-արեւելք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ