News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության նախկին շենքի նախկին բնակիչները, որոնք փետրվարի 16–ին, ՊԵԿ–ի պահանջով՝ ոստիկանության կողմից հեռացվել էին շենքից, բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։

Նրանք պահանջում են իրենց եւս ապահովել հանրակացարային բնակարաններով։ Քաղաքացիներից մեկն ասաց, որ մինչեւ այսօր 25 ընտանիք է տեղափոխվել հանրակացարան։

«Երկու շաբաթ է գործընթացը դադարեցված է, սպասում ենք, որ մյուսներին  էլ տան։ Հույս ունենք, որ կտան, տեսնենք էլի, հենց դրա համար ենք նաեւ այստեղ, որ մյուսներին էլ ուշադրություն դարձնեն»,– ասաց նա։

ՊՆ նախկին շենքի նախկին բնակիչներից մեկն էլ առաջարկում էր իրենց էլիտար շենքերում բնակարաններով ապահովել։

«Մարդիկ փողոցում են ապրում, բա ինչ անեն»,– ասաց քաղաքացին։

Դրսում մնացած քաղաքացիներն ասում են՝ աշխատանքի խնդիր չունեն, իրենց խնդիրը միայն գլխներին տանիք չունենալն է։ Աշխատանք ունեն, բայց այն չի բավարարում վարձով ապրելու ու կենցաղային հարցերը լուծելու համար։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքից վտարված քաղաքացիներից մոտ 40–ը մեկ ամսից ավելի է՝ գիշերում են վրաններում։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքից՝ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, դուրս են հանել այդտեղ բնակվող մարդկանց։  26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել Պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել  Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այդ շենք են տեղափոխվելու ՊԵԿ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, լինելու է նաեւ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Այժմ նախագիծը մշակման փուլում է, շինարակական աշխատանքների սկիզբը նախատեսվում է աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ