News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոսովոն կկատարի իր միջազգային պարտավորությունները եւ կիրականացնի այն միջոցառումները, որոնք համաձայնեցվել են անցյալ շաբաթ՝ որպես Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործարքի մաս, հինգշաբթի օրը խորհրդարանականներին ասել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, հաղորդում է Reuters-ը։

Պրիշտինան եւ Բելգրադը անցյալ շաբաթ օրը բանավոր պայմանավորվել են կյանքի կոչել Արեւմուտքի կողմից աջակցվող ծրագիրը՝ 1990-ականների վերջին պատերազմից եւ տասնամյակների լարվածությունից հետո հարաբերությունները բարելավելու համար: Հարաբերությունների կարգավորումը պայման է, որը պետք է կատարեն երկու բալկանյան երկրները, որպեսզի արագացնեն Եվրամիությանն անդամակցելու իրենց ուղին։

«Եթե ցանկանում ենք, որ մեզ վերաբերվեն որպես պետության եւ ճանաչեն որպես այդպիսին, ես չեմ կարող խուսափել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից, որոնց հետ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Կուրտին օրենսդիրներին՝ խորհրդարանում առաջին անգամ բացատրելով կարգավորման ծրագիրը։

«Համոզված եմ, որ ստեղծված իրավիճակում անհնար էր հասնել համաձայնագրի ավելի լավ տեքստի»,- հավելել է նա։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կոսովոն պարտավորվում է ավելի մեծ ինքնավարություն տրամադրել երկրի այն շրջաններին, որտեղ սերբերը մեծամասնություն են կազմում, իսկ Սերբիան համաձայնում է չխոչընդոտել Կոսովոյի անդամակցությանը միջազգային կազմակերպություններին։

ԵՄ-ն խոստացել է դոնորների համաժողով կազմակերպել երկու երկրների համար՝ ֆինանսական օգնության հատկացումը կախված է հարաբերությունների բարելավման քայլերից: ԵՄ-ն զգուշացնում է երկու կողմերին՝ չընտրել համաձայնագրի առանձին հատվածներ, այլ իրականացնել այն ամբողջությամբ։

Կուրտին քննադատում է Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, ներառյալ նրանք, որոնք ավելի մեծ ինքնավարություն են նախատեսել սերբական համայնքների համար: Սերբերը կազմում են Կոսովոյի 1,8 միլիոնանոց բնակչության մոտ 5%-ը։

Միաժամանակ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անցյալ շաբաթ ասել էր, որ Բելգրադի համար «կարմիր գծերը» կլինեն «Կոսովոյի անկախության ճանաչումը եւ Կոսովոյի անդամակցությունը ՄԱԿ-ին»։

Սերբիան ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն դրա համար նախ պետք է կարգավորի հարաբերությունները Պրիշտինայի հետ եւ մի շարք բարեփոխումներ իրականացնի։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը շաբաթ օրը որպես միջնորդ է հանդես եկել Հյուսիսային Մակեդոնիայի ափամերձ Օհրիդ քաղաքում համաձայնագրի կնքման համար, ասել է, որ «համաձայնագիրը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ ապարդյուն կլինի»:

ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ ցանկացած կողմ, որը չի կատարի համաձայնագիրը, կբախվի քաղաքական մեկուսացման եւ դաշինքի կողմից ֆինանսական աջակցություն չի ստանա։

Կոսովոյի էթնիկ ալբանացի մեծամասնությունը անկախությունը հռչակել է 2008 թվականին, սակայն Սերբիան դեռեւս այն համարում է իր հարավային նահանգ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ