ՊՈԱԿ-ը չպետք է գա, ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, թե չեն ուզում, ՊՈԱԿ-ը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից եւ պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտգործել հանրային ֆինանսները: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ ԿԳՄՍՆ-ի մշակած նախագծի, «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
«Չկա որեւէ տրամաբանություն նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիտրացիա:
Ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պիտի շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորումները միավորելու մասին ու սա «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Հիմա իրենք գտնվում են մի պայմաններում, որտեղ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աշխատանքը արդյունավետ չէ։ Մեր բոլոր թատրոնները տարիների ընթացքում սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա դրանց շարքում։ Իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում»,- ասաց նախարարը։
Անդրեասյանը պարզաբանեց, որ իրենք ունեն արդյունավետ կառավարման խնդիր՝ միաժամանակ նշելով, որ թատրոնի ստեղծագործական խմբի գործունեությանը ոչինչ չի սպառնում։
«Ավելին, նրանց տրվում է հնարավորություն, որ եթե այս պահին տվյալ բեմը օգտագործելու հնարավորություն ունեն, կարողանան օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից ու հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը։ Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչև վերջ» արտահայտությունը, որովհետև ՊՈԱԿ-ը ընդամենը վերակազմավորվում է, պայքարի որևէ տրամաբանություն և իմաստ չեմ տեսնում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Դիտարկմանը, որ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները նշում են, որ նաեւ բեմադրություններն են խնդիր, իրենք ունեն «Անասնաֆերմա», «Նժդեհ» բեմադրություններ եւ մտավախություն ունեն, որ իրենց թույլ չեն տա դրանք բեմադրել, Անդրեասյանը ժպիտով արձագանքեց. «Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում, գեղարվեստական, ստեղծագործական ազատությունը... ես դա համարում եմ արվեստին հակասող մի բան, ինչպես կարող է նման բան լինել»:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագծին, որով «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի: