Աբխազիայի Օչամչիրի շրջանի Արակիչ գյուղի երկհարկանի դպրոցը հինգշաբթի երեկոյան հրդեհվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լեւ Կվիցինիան։
Այն հայկական դպրոց է․ Արակիչ գյուղում հիմնականում հայեր են բնակվում։
«Հրշեջների ժամանման պահին դպրոցն ամբողջությամբ բռնկվել էր՝ չնայած անձրեւին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է հինգ հրշեջ հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը կարող էր տեղի ունենալ կարճ միացման հետեւանքով»,-ասել է Կվիցինիան։
Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դասասենյակները, տնօրենի աշխատասենյակը, չի հաջողվել փրկել փաստաթղթերը: Դպրոցում սովորում է մոտ 80 երեխա։