Մենք «Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր ենք ստորագրել, որն ուղղված է հենց տեղում հայտնաբերված հնավայրի պեղումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո Հատիս սարի վրա Հիսուսի արձանը կանգնեցվելու է, թե ոչ:
«Արդեն մեր տեղեկություններով ստորագրվել է պեղումների համաձայնագիրը «Ծառուկյան» հիմնադրամի եւ մեր համապատասխան գիտահետազոտական կառույցի հետ, որը կարող է պեղումներն իրականացնել: Մեր տեղեկություններով համապատասխան եղանակային պայմանների լինելուն պես դրանք իրականացվելու են:
Հուշագրով հստակ արձանագրված է, որ պեղումների արդյունքներից ելնելով, եթե մասնագիտական եզրակացությունը կլինի, որ դա հնարավոր վերականգնել, ամրակայել, ապա պետք է նաեւ իրականացվեն այդ աշխատանքները: Եվ դրանից հետո միայն կքննարկվեն բոլոր այլ նախագծերը: Այսինքն մենք այս պահին խոսում ենք մշակութային ժառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը»,-ասաց նա:
Ժաննա Անդրեասյանը ցավով արձանագրեց, որ կան տեղեր, որ մարդիկ դամբարանադաշտերով ջրատար են անցկացնում, որը ուղղակի շատ վնասական է մշակությաին ժառանգության համար: «Ունենք տեղեր, որտեղ մարդիկ վերցնում տեղափոխում են խաչքարեր, խոնարհված եկեղեցիների ինչ-որ մասեր: Սա անում են նաեւ մեր քաղաքացիները, ոչպաշտոնյաներ, ոչ իշխանավորներ, ոչ տարբեր կարողության տեր մարդիկ:Այսինքն սա բոլորիս խնդիրն է, թե մենք ինչ հանրային վարքականոն ունենք մեր մշակութային ժառնգության վերաբերյալ, ինչպես ենք մեր երեխաներին դաստիարակում, թե ինչպես իրենք պետք է վերաբերվեն իրենց միջավայրի պաշտպանությանը»: