Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու համար։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կառույցի անդամ երկրների մեծ մասը հայտարարել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
«Նրանք նաեւ արձանագրել էին հակամարտության գոտի միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին»,- ասաց նախարարը։