News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուղեղի սքանավորման նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մայրենի լեզուն կարող է որոշել, թե ինչպես է մարդու ուղեղը կապեր ստեղծում ինֆորմացիայի մշակման տարբեր հանգույցների միջեւ: Պարզվել է, որ նման լեզվական ցանցերի կառուցվածքում նկատվող տարբերությունները կապված են հետազոտության մասնակիցների մայրենի լեզուների՝ գերմաներենի եւ արաբերենի լեզվական բնութագրերի հետ:

NeuroImage ամսագրում հրապարակված հետազոտությունն իրականացրել են Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Կոգնիտիվ գիտությունների եւ մարդու ուղեղի ինստիտուտի հետազոտողները:

«Թեեւ լեզվական ցանցը դառնում է ուղեղի ամենաուժեղ ցանցերից մեկը, ծնվելիս դրա կապերը թույլ են լինում։ Խոսել սովորելուն զուգընթաց, կապերն ամրապնդվում են ուղեղի տարբեր հատվածների միջեւ, որոնք պատասխանատու են լեզվի տարբեր տեսակների մշակման համար, ինչպիսին են բառերի ճանաչումը հնչյուններով եւ նախադասությունների իմաստի մեկնաբանումը»,- Live Science-ին ասել է հետազոտության ղեկավար Ալֆրեդ Անվանդերը:

Հետազոտողները ցանկացել են պարզել, թե ինչպես են այդ տարբերություններն ազդում ուղեղում կապերի ձեւավորման վրա:

Հետազոտությանը մասնակցել է 94 մարդ։ Նրանց կեսը խոսել է միայն գերմաներեն, իսկ մյուս կեսը, որը վերջերս է Գերմանիա տեղափոխվել, միայն՝ արաբերեն: Թեեւ մասնակիցերը խոսել են տարբեր լեզուներով եւ մեծացել են տարբեր մշակույթներում, նրանք մոտ են եղել այլ գործոններով, ինչպիսին են տարիքը եւ կրթական մակարդակը, որոնք կարող են ազդել ուղեղի աշխատանքի վրա:

Ուղեղի սքանավորումը կատարվել է «դիֆուզիոն ՄՌՏ»-ի միջոցով, եւ ցույց է տվել, որ գերմաներեն խոսողները՝ լեզվի մշակման մեջ ներգրավված ձախ կիսագնդի հատվածներում ցուցաբերել են կապի առավել մեծ ակտիվություն, քան արաբախոսները: Անվանդերը նշել է, որ գերմաներենը շարահյուսությամբ բարդ է, այսինքն նախադասության իմաստը որոշվում է ոչ այնքան բառերի դասավորությամբ, որքան դրանց քերականական ձեւով։ Շարահյուսության մշակման հատվածները հիմնականում գտնվում են ձախ կիսագնդի ճակատային մասում, ուստի ձախ կիսագնդում ավելի ակտիվ կապը իմաստ ունի, ասել է նա։

Ի տարբերություն դրան, Անվանդերն արաբերենը իմաստաբանական առումով բարդ է անվանել, թեեւ նախադասության մեջ բառերի դասավորությունը կարող է ավելի բարդ լինել ապակոդավորման համար։ Հետազոտողներն արաբախոսների մոտ նաեւ ձախ եւ աջ կիսագնդերի առավել մեծ կապի մասին են նշել:

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբանության պատվավոր պրոֆեսոր Դեւիդ Գրինը ամսագրին  տված իր հարցազրույցում ասել է, որ լեզվաբանական առանձնահատկություններից բացի՝ խոսակցության մշակութային առանձնահատկությունները, օրինակ՝ ժեստերի օգտագործումը, եւս  կարող է ցանցեր ձեւավորել ուղեղում:

Հետազոտությունը չի ընդգրկել ուղեղի՝ լեզվական մշակման մեջ ընդգրկված բոլոր հատվածները, ինչպես նաեւ չի ներառել  ուղեղի ակտիվության չափումները, որոնք կարելի կլիներ միմյանց հետ համեմատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ